Մատչելիության հղումներ

«Ուզում են՝ մարդ չմնա այստեղ». 3 գյուղ Գորիսին միացնող ու բաժանող փոսերը, որոնց «ճանապարհ» են ասում


Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղերը Գորիսին կապող ճանապարհներն անմխիթար և անտեսված վիճակում են արդեն 30 տարուց ավելի։

Խորհրդային տարիներին ասֆալտապատված ճանապարհներին հիմա անհաղթահարելի փոսեր են։ Խոզնավարցի Մարտուն Ղազարյանը պարզ մաթեմատիկական հարցերով է ներկայացնում գյուղը Գորիսին կապող մոտ 18 կիլոմետրանոց ճանապարհի խնդիրը. - «Հիմա թոշակառուներն էլ քարտով են քիցալ թոշակը ստանան։ Ամեն ամիս պիտի գնան Գորիս ստանան կյան։ Հիմա 5000 տաս, 5000, 6000, 7000 նայած էլի, էդքան տաս, քինաս, կյաս, էլ տակին հի՞նչ ա մնում։

Սյունիքի մարզի այս գյուղերը սահմանային դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող գյուղացիներից շատերը վաճառել են անասունները, գյուղում մնացած փոքրաթիվ անասունները պահելու համար էլ խոտն է թանկացել։

«Դաշտ չկա, արոտ չկա, խոտհարքների մեծ մասը զինված ադրբեջանցիների տեսադաշտում են», - դժգոհում են սահմանի բնակիչները։

Եկամտի աղբյուրներից զրկված այս գյուղերի տղամարդկանց մեծամասնությունը հիմա աշխարհազորի շարքերն է համալրել, փորձում են համատեղել ընտանիք պահելու և գյուղերի անվտանգության խնդիրները։ Կապրենք՝ ասում են, միայն թե հեշտացնեն քաղաքի հետ կապը։

Դեռ մեկ տարի առաջ սյունեցի իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանը Տարածքային կառավարման նախարարից հետաքրքրվեց, թե երբ կվերանորոգվեն Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղերի ճանապարհները, որոնցով նաև ռազմական նշանակության մեքենաներն են երթևեկում։ Նախարարն ասաց՝ առաջնահերթություն է տրվել միայն Խոզնավար-Գորիս ճանապարհին, խոստացավ՝ շինաշխատանքները կսկսեն մինչև տարվա վերջ։

Ինչո՞ւ է ուշանում խոստացված շինարարությունը

Ինչո՞ւ է ուշանում դեռ մեկ տարի առաջ խոստացված շինարարությունը։ Ճանապարհային դեպարտամենտից «Ազատությանն» ասացին՝ «Վերիշեն-Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման 3 մլրդ 150 մլն դրամ արժողությամբ նախագիծն անցել է անհրաժեշտ փուլերը, այժմ հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթի փուլում են։ Այդ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար ժամանակ է պետք»։

Ինչքա՞ն՝ հարցնում են Խոզնավարի բնակիչները։

«Ո՞ւր ա։ Եթե խոստացել են, թող անեն։ Ասել են մարտի 1-ից։ Ես ինչ Խոզնավարում հարս եմ, 30 տարի ա, 30 տարի ա ՝ ասում են էս տարի ճանապարհը կսարքեն, էն մի տարին կսարքեն։ Ու՞ր ա չկա», - նշեց բնակիչներից մեկը:

Խոզնավարցի Աշոտ Պետրոսյանը քարուքանդ ճանապարհի փոսերում անընդհատ ջարդվող մեքենայի վնասներն է հաշվում ու սրտնեղում՝ նույն այդ փոսերի պատճառով պաշտոնյաներն են անգամ խուսափում գյուղ գալ։ Եզրակացնում է՝ «անտեսված ենք»:

Վաղատուրի 37 և Խոզնավարի 47 աշակերտ ունեցող դպրոցները ևս հայտնվել են մինչև 2026 թվականը միավորվող դպրոցների ցանկում։ Պատգամավոր Դավիթ Դանիելյանն «Ազատությանն» ասաց՝ դեպի Վաղատուր և Խնածախ տանող ճանապարհի հարցով պատրաստվում է նախարարի հետ քննարկում կազմակերպել։ Գյուղացիներն ասում են՝ եթե մինչ այդ հիմնանորոգման նախագծում չընդգրկված 15 կիլոմետրում աշխատանքներ չկատարվեն, իրենց երեխաները հարևան Խնածախի դպրոց են գնալ-գալու քանդված ճանապարհով։

Սահմանի այս երեք գյուղերի բնակիչների ամենօրյա քննարկման առարկա դարձած ճանապարհի մի հատվածում oրեր առաջ համայնքային իշխանությունները փոսալցման աշխատանքներ են սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG