Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Հայտարարությունը հաջորդում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ի հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման», - հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը՝ մեկնաբանելով սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստը։
Ադրբեջանի պահանջած այս տարածքները հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը:
Հայաստանի կառավարությունից, Արտգործնախարարությունից ու փոխվարչապետի գրասենյակից առայժմ չեն մեկնաբանում Բաքվի այս ուղիղ պահանջը, բայց սահմանազատման հանձնաժողովի հանդիպումից առաջ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հաստատել էին՝ Բաքուն չորս գյուղ է պահանջում՝ առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Հայկական կողմը հայտարարում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ է հինգ մարզերի 31 հայկական բնակավայրի տարածք՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր։ Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Անդրադառնալով սրան՝ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը կտրականապես հերքել է 31 գյուղերի տարածքների օկուպացիայի փաստը՝ դա «անհիմն հայտարարություն» որակելով։
Ավելի վաղ Իլհամ Ալիևն էր ասել, թե ետ չեն գնա այդ տարածքներից. - «Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի»:
Պաշտոնական Բաքուն պնդում է նաև, որ սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի հարցը։ Ըստ Շահին Մուստաֆաևի գրասենյակի՝ դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։
Հայկական կողմն իր հերթին ունի Արծվաշեն անկլավը, որն Ադրբեջանն օկուպացրել է 90-ականներին։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ անկլավ/էքսկալվների թեման խաղաղության բանակցություններում քննարկվում է, բայց հստակ լուծում դեռ չկա։
Ադրբեջանի հետ բանակցություններին անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար թուրքական պետական TRT-ին տված հարցազրույցում, բայց անկլավներից չի խոսել։ Երեկ հրապարակված հարցազրույցում Արարատ Միրզոյանը կրկնել է՝ տպավորություն ունի, որ Բաքուն քաղաքական կամք չունի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Տասն օր առաջ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցած Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը հեռացնում է խաղաղության պայմանագրի նախագծից Ալմա-Աթայի հռչակագրին հղումը, որով ճանաչվել են խորհրդային նախկին հանրապետությունների միջազգային սահմանները և որի հիման վրա Հայաստանը ցանկանում է իրականացնել սահմանազատումը։
«Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Ըստ Միրզոյանի՝ Բաքուն ընդդիմանում է նաև, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները լինեն Երևանի ամբողջական հսկողության ներքո։ Նա շեշտել է, որ հայկական կողմը չորս կարևոր պայման է առաջ քաշում հաղորդակցության ուղիները վերաբացելու համար։
«Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օրինակ՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Սյունիքով դեպի Նախիջևան առանց ստուգումների, անխոչընդոտ անցում պահանջող Բաքվից հակադարձել են, թե հայկական կո՛ղմը չի կատարում ստանձնած պարտավորությունները և հարցի լուծման գործնական տարբերակ չի առաջարկում։