Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է համաձայնի շատ ցավոտ հարցերի․ գերմանացի փորձագետ


«Կարծես թե մենք իսկապես գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բանակցությունների, գուցե ոչ վերջնական, բայց վճռորոշ փուլում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեռլինից հայտնի գերմանացի փորձագետ Ստեֆան Մայստերը։

Փորձագետի կարծքով՝ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով և, ըստ նրա, Հայաստանը պետք է համաձայնի շատ ցավոտ հարցերի, այդ թվում՝ տարածքները հանձնելու շուրջ։

Հրայր Թամրազյան․ - Հայաստանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհապաղ հանձնել չորս գյուղ, հակառակ դեպքում սպառնում է ռազմական ուժով վերցնել այդ գյուղերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս գյուղերը երբեք Հայաստանին չեն պատկանել, ուստի պատերազմը կանխելու համար այդ գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը կրկին սպառնում է, և իրավիճակը իսկապես սրվում է։ Ի՞նչպես եք գնահատում այս իրավիճակը։ Ի՞նչ է կատարվում։

Ստեֆան Մայստեր. - Կարծես թե մենք իսկապես գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բանակցությունների, գուցե ոչ վերջնական, բայց վճռորոշ պահին։ Կարծում եմ՝ բանակցություններն այժմ ընթանում են երկկողմ ձևաչափով, և ադրբեջանական կողմից նույնպես կա ուժեղ ճնշում՝ համաձայնեցնելու որոշ առանցքային հարցեր, օրինակ՝ այս գյուղերի հետ կապված։ Բայց իսկապես կա նաև հարց, թե որ քարտեզը պետք է օգտագործել և որ գծի վրա պետք է սահմանազատում իրականացվի: Այնպես որ, կարծում եմ, նրանք արդեն մանրամասներ են քննարկում։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ ուժերի հարաբերակցությունը շատ տարբեր է։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է համաձայնի շատ ցավոտ հարցերի շուրջ։ Այնպես որ, կարծում եմ, որ այդ տարածքները հանձնելը ճիշտ որոշում է, քանի որ դրանք վերցվել են 1990-ականների սկզբին, բայց կարծում եմ, որ դա պետք է արվի համապարփակ փաթեթով։ Այն իսկապես պետք է լինի ամբողջ սահմանը սահմանազատող փաթեթի մեջ, այլ ոչ թե արվի քայլ առ քայլ։ Որովհետև կարծում եմ, որ դա ինչ-որ առումով նաև լծակ է Հայաստանի ձեռքին: Իսկ մենք գիտենք, որ միայն բարի կամքը բավարար չէ։ Դուք իսկապես պետք է նաև բանակցեք, պետք է համաձայնեցնեք սահմանի հետ կապված պայմանները: Ես այնքան էլ վստահ չեմ, թե դա ինչի կհանգեցնի: Ես բավականին զգույշ եմ իմ գնահատականում, թե արդյոք դա իսկապես կհանգեցնի համաձայնության, որը լավ կլինի երկու կողմի համար էլ, նույնիսկ եթե այս գյուղերը հանձնելը ճիշտ քայլ է: Բայց ի՞նչ կլինի այլ հատվածների հետ: Կարծում եմ՝ մենք դրան դեռ չենք հասել։ Դա իմ տպավորությունն է:

Հրայր Թամրազյան․ - Թվում է, թե Ադրբեջանի պահանջներն անվերջ են. երբ ամեն ինչ թվում է, թե դեպի լավն է գնում, հանդարտվում, Ադրբեջանը նոր պահանջով է հանդես գալիս։ Այս գործողությունները կարող են վկայել այն մասին, որ Ադրբեջանի նախագահը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Կար համոզմունք, որ Լեռնային Ղարաբաղը գրավելուց և հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այլևս չի ներկայացնի նոր պահանջներ, նոր տարածքային պահանջներ։ Առնվազն որոշ ժամանակ։ Բայց Ալիևի տարածքային հավակնություններն անվերջ են թվում։ Ի՞նչ կարծիքի եք այս հարցում:

Ստեֆան Մայստեր. - Կարծում եմ՝ հիմնարար հարցն այն է, թե արդյո՞ք շահագրգռվածություն կա համաձայնության հասնելու, թե՞ գուցե դա խաղ է՝ այս պահին հողը փորձարկելու համար, ճնշում գործադրելու, այլ ոչ թե իսկապես համաձայնության հասնելու համար: Ես այնքան էլ վստահ չեմ: Նաև հաշվի առնելով այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել այստեղ՝ Բեռլինում, կամ Մյունխենում կայացած հանդիպումը Անվտանգության համաժողովի ժամանակ, ինձ մոտ դեռ այն տպավորությունն է, որ այս պահին իսկապես կարող է կամք չլինել որևէ բանի շուրջ համաձայնության գալու, բայց որ կա ավելին ու ավելին պահանջելու ձգտում՝ առանց իրականում ձեռք բերելու համաձայնություն, որը վերջ կդնի հակամարտությունը։ Տպավորություն ունեմ նաև, որ Ալիևին պետք է հակամարտությունը։ Կարծում եմ՝ դա նրան պետք է, քանի որ, նրա տեսանկյունից, հիմա Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Նա իր լեգիտիմությունը միշտ կառուցել է նաև թշնամու կերպարի վրա՝ Լեռնային Ղարաբաղը հետ բերելու անհրաժեշտության հիման վրա։ Հարցն այն է, թե հիմա ի՞նչ է մնացել։ Ի՞նչ կա հիմա: Արդյո՞ք դա ավելի մեծ խաղ է նաև Հայաստանի մասով, և այս հակամարտությունը Հայաստանի հետ նաև լեգիտիմացման ռեսուրս պահելուն է վերաբերում։ Կարծում եմ, որ այստեղ իսկապես կարող է խնդիր լինել կապված դրա հետ, որ իսկապես շահագրգռվածություն չկա, որովհետև կարծում եմ՝ Փաշինյանը արդեն բավականին հեռու գնաց իր քայլերում։ Նա էլ չի կարող ավելի առաջ գնալ։ Խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, և դա պետք է, ի վերջո, ընդունվի նաև հասարակության կողմից։ Այնպես որ, ինձ մոտ տպավորություն է, որ նրանք դեռ առաջ են մղում, նույնիսկ եթե այս պահին Հայաստանն ավելին չի կարող տալ: Եվ դա հանգեցնում է այն եզրակացության, որ միգուցե իրական շահագրգռվածություն չկա հուսալի կամ կայուն համաձայնագրի ունենալու հարցում։

Հրայր Թամրազյան․- Ոմանք նաև կարծում են, որ, ինչպես Դուք ասացիք, հաղթանակներն ու ուժի ցուցադրումը նրա ներքին լեգիտիմության շատ կարևոր բաղադրիչն են։ Դա այդպե՞ս է։ Արտաքուստ դա բոլորովին լավ չի դիտվում դրսից:

Ստեֆան Մայստեր. - Այո՛, ես կարծում եմ, որ դա ավտորիտար երկիր է: Կարծում եմ, եթե անկեղծ լինենք, ապա 2020 թվականի պատերազմում հաղթանակը և այժմ Լեռնային Ղարաբաղի գրավումը ադրբեջանցիների համար չի ապահովում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում։ Կարծում եմ, որ դա նույնիսկ ավելի շատ ծախսեր կբերի՝ կապված վերակառուցման հետ: Իրականում առաջընթաց չկա, բացի նրանից, որ եղավ հաղթանակ, որը, կարծում եմ, մեծ բան է Ադրբեջանի համար։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ավտորիտար մտածողության համաձայն, պատերազմը կարևոր է նաև կենցաղային թերություններից, հասարակության զարգացման հեռանկարի բացակայությունից ուշադրությունը շեղելու առումով։ Եթե նայեք նախագահ Ալիևի և նրա կառավարության հռետորաբանությանը, ապա կտեսնեք այս մաքսիմալիստական՝ առավելապաշտական մոտեցումը՝ Հայաստանի նկատմամբ թշնամու պարադիգմը պահպանելու համար։ Այսպիսով, դա ապամոնտաժելու փոխարեն նա շարունակում է ծավալվել այս ուղղությամբ ու մարտահրավեր է նետում արդեն նույնիսկ հայկական պետության գոյությանը: Այնպես որ, կարծում եմ, որ դա կարող է դառնալ այն նոր խոսույթը, նոր պարադիգմը, որի վրա կառուցվում է լեգիտիմությունը Ադրբեջանում: Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր խաղ կլիներ, որովհետև այն իսկապես Հայաստանի գոյության մասին է և երբեք չի ավարտվի, քանի որ Ալիևի համակարգի կամ ռեժիմի համար շատ կարևոր է նաև իշխանության մնալ և ստանալ այդ լեգիտիմությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG