«Այն ինչ հիմա կատարվում է, որևէ առնչություն չունի սահմանազատման գործընթացի հետ»
Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն, ով նաև որպես սահմանների կառավարման և անվտանգության հարցերով մասնագետ աշխատել է ՄԱԿ-ում, ընդգծում է՝ կան միջազգային հստակ ընթացակարգեր, որոնք կարգավորում են պետության սահմանների դելիմիտացիան։ Այդ ընթացակարգերը, ըստ Թաթոյանի, պետք է պահպանվեն, այլապես սահմանազատումը լեգիտիմ չի լինի։
«Այն, ինչ տեղի է ունենում ներկայում և ինչ կառավարությունը կոչում է դելիմիտացիա կամ սահմանազատում, սա որևէ առնչություն չունի սահմանազատման կամ առհասարակ սահմանների որոշման գործընթացի հետ», - նշեց Թաթոյանը՝ հավելելով, - «այն չի կարող որևէ կերպ հիմնվել միակողմանի քաղաքական որոշումների վրա, ով ուզում է լինի կառավարության ղեկավար, երկրի նախագահ, ով ուզում է լինի, անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ միայն խախտում են այդ կարգերը, այլև խաթարում են այդ կարգի ամբողջականությունը ձևավորող բոլոր էլեմենտները: Նախ պետք է աշխարհագրական կամ տոպոգրաֆիական քարտեզների հետ միասին լինեն գեոդեզիական, անտառային, ջրային ռեսուրսների, կադաստրային քարտեզներ, որոնք պետք է ուսումնասիրվեն 2 կողմից էլ»։
«Մենք մի միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է», - հակադարձելով վարչապետ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նախկին օմբուդսմենը շեշտում է՝ չի կարող այդպիսի բան լինել, հակառակ դեպքում ինչի՞ համար է դելիմիտացիան։ Փաշինյանը նաև նշում է, թե Ալմաթայի հռչակագրի հիման վրա պետք է ոչ թե նոր սահման գծվի, այլ վերարտադրվի եղածը։
«Դրանք անընդունելի հայտարարություններ են, եթե դու դելիմիտացիայի պրոցես ես սկսել, պարտավոր ես բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով դրա հիմքերով գնալ առաջ», - ասաց Թաթոյանը:
«Հնարավոր չէ ժողովրդին տառապանք պատճառելու հաշվին դելիմիտացիա իրականացնել»
Ամենատարբեր քարտեզների բազմակողմանի ուսումնասիրությունից բացի, Արման Թաթոյանի համոզմամբ, սահմանազատման գործընթացը չի կարող օրինական լինել, եթե հաշվի չի առնում կոնկրետ տարածքում ապրող մարդկանց իրավունքներն ու օրինական շահերը։
«ԵԱՀԿ -ի, ՄԱԿ -ի և այլ կառույցների կողմից երաշխավորված կանոնների համաձայն, կարևորագույն որոշիչ հարցերից է՝ արդյոք դելիմիտացիայի արդյունքում դու ապահովում ես քո երկրի բնակչության, մասնավորապես, սահմանային բնակիչների բնականոն ու անվտանգ կյանքը։ Միջազգային հաստատված փորձի համաձայն, հնարավոր չէ մարդուն տառապանք պատճառելու հաշվի իրականացնել դելիմիտացիա կամ դեմարկացիա», - ասաց նա:
Նախկին օմբուդսմենը շեշտում է՝ ունենալով Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի փորձը և ուսումնասիրելով Տավուշի մարզում իրավիճակը, ակնհայտ է, որ վարչապետի առաջարկած լուծման դեպքում Հայաստանն ունենալու է ճանապարհների մեկուսացում։ Գյուղերը միմյանցից կտրվելու են։ Ադրբեջանական զինծառայողների թիրախում են հայտնվելու այդ համայնքների բնակիչները, նրանց վերահսկողության տակ են անցնելու արոտավայրեր, վարելահողեր, ստրատեգիական նշանակության ջրային ռեսուրսներ, գազատարներ։
«Եթե նման լուծումներ լինեն ու ադրբեջանական զինված ծառայողներին բերենք մեր գյուղերի մոտ հասցնենք, միջպետական ճանապարհը, հատկապես օրինակ, Նոյեմբերյան՝ դեպի Վրաստանի սահման, առանձին տեղերում հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո ու ընդհանրապես դառնալու է անօգտագործելի: Եթե կան նման միջազգային կարգավորումներ, մենք ի՞նչ ենք անում, մենք մեր ժողովրդին տառապանքներ պատճառելու հաշվին թույլ ենք տալիս, որ ադրբեջանական զինծառայողները գան առոք-փառոք նստեն այդ տարածքներում: Ավելին նրանք, որտեղ կարողանում են, արգելափակում են մարդկանց համար կենսական, կյանքի համար անհրաժեշտ միջոցները, ջրի ակունքները, այդպիսի իրավիճակ ունենք Գեղարքունիքում, Սյունիքում՝ Ներքին Հանդում»։
Թաթոյան հիմնադրամը վերջերս ուսումնասիրություններ է կատարել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում։ Միայն այս փոքրիկ գյուղի մոտ, ըստ նախկին օմբուդսմենի, Ադրբեջանը 25 դիրք է դրել, դրանցից 15 -ը հենց Հայաստանի տարածքում։ Ընդորում, ըստ ուսումնասիրության, այս փետրվարին 4 հայ զինծառայողներին ադրբեջանցի դիպուկահարները սպանել էին հենց Ներքին Հանդի տարածքից։
Սյունիքի այս փոքրիկ համայնքի օրինակով Արման Թաթոյանը ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ ադրբեջանցի զինծառայողները մոտենում են գյուղին. - «Մինչև 2060 մետր խորությամբ մեր սահմանում են, մենք չափել ենք: 25 դիրք 3 կողմից շրջապատել է Ներքին Հանդ գյուղը։ Դպրոցի, մեր երեխաների պատուհանից երևում են Ադրբեջանի դիպուկահարները: Դիրքի հեռավորությունը դպրոցից 760 մետր է: Մեր գյուղացիները խմելու ջուր չունեն»:
«Անթույլատրելի է սեփական ժողովրդի մեջ սերմանել հուսահատություն, սպառնալ պատերազմով»
Թաթոյանի համոզմամբ՝ նույն իրավիճակում են հայտնվելու են Տավուշի գյուղերը։
«Այն, ինչ ունենք Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, նույնն ունենալու ենք Տավուշում, առավել պրոբլեմային լրացուցիչ ստրատեգիական անվտանգության առումով, որովհետև այստեղ լրջագույն վտանգի տակ է հայտնվում Հայաստան- Վրաստան սահմանային հաղորդակցությունը», - ընդգծեց նախկին օմբուդսմենը՝ նշելով, - «սկզբունքորեն անթույլատրելի է սեփական ժողովրդի մեջ սերմանել հուսահատություն, անճարություն, սպառնալ պատերազմով, նաև որպես արդարացումներ հանրագիտարաններից մեջբերումներ անելով, ասել, որ սրանք ադրբեջանական տարածքներ են և այն»։
Ժողովրդին պատերազմով սպառնալու փոխարեն, Թաթոյանն առաջարկում է այդ գյուղերում բնակվող մարդկանց կյանքին սպառնացող վտանգները հավաքագրել և ներկայացնել միջազգային կառույցներին։
«Հասնել նրա, որ լինի միջազգային աջակցություն ու Ադրբեջանին պարտադրվի, որպեսզի նա չկարողանա մեկ մետր անգամ առաջխաղացում ապահովել, որովհետև արդյունքում կաթվածահար է լինելու մարդկանց կյանք, երկրի կյանքը, ստացվում է՝ երկիրը բոլոր կողմերից հայտնվում է մեկուսացման մեջ», - ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպմանը համաձայնել էր՝ անվտանգության հետ կապված մարդկանց մտահոգությունները լեգիտիմ են՝ խոստանալով բարձրացված բոլոր հարցերը քննարկել։