Մատչելիության հղումներ

Վարչապետը փակագծեր բացեց՝ որ տարածքներն են պատրաստ փոխանցել Ադրբեջանին


Հայաստանի վարչապետն այսօր փակագծեր բացեց` մանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը, որոնք դելիմիտացիայի արդյունքում պետք է փոխանցվեն Ադրբեջանին, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց՝ ինչի պատրաստակամություն ունեն:

Փաշինյանը նախ շեշտեց՝ ինքը որևէ ադրբեջանական գյուղի անուն չի տվել մինչև այն պահը, երբ դա ուրիշն է տվել։ Ըստ վարչապետի՝ այդ մասին խոսել է Ադրբեջանը, ապա նաև՝ Կիրանցի գյուղապետը, երբ հանդիպման ընթացքում խոսել է Խեյրիմլի գյուղի մասին, ինքն էլ հարցրել է՝ Տավուշի մարզում նման գյուղ կա՞։

«Մենք ասում ենք՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում, որպեսզի աշխարհագրական տարածքը նշենք.

Հայաստանի Հանրապետության կողմից էդ տարածքը, որից պետք ա սկսենք, գյուղի մասին չի, այլ՝ գյուղի դիմացը գտնվող սահմանի. էս էլ ա շատ կարևոր, չշփոթեք հանկարծ: Որ այս գյուղերի դիմացը գտնվող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք. Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Ես ուզում եմ մենք ֆիքսենք, որ նույն գյուղերը չեն սրանք. անունների մեջ կա Բաղանիս, Այրում, Խորհրդային Միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն ա ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ դիմացը՝ Բաղանիս գյուղ։

Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմացը գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է:

Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ և նրա դիմացը գտնվող գյուղ, որը ադրբեջանական կողմից էդ հատվածում Խեյրեմլի (Խեյրիմլի) գյուղ։

Հայաստանի կողմից՝ Բերքաբեր գյուղ և Բերքաբերի դիմացը գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի) գյուղի հետ։ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո ա էսօր էլ, էրեգ էլ:

Եվ ընդ որում, ուզում եմ ասել, որ բոլոր այս գյուղերը ոչ անկլավային գյուղեր են», - հայտարարեց վարչապետը Ազգային ժողովում:

«Մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Հիմա մենք պետք է գնանք և դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանի առկայության համար: Քարտեզները իրենք վերարտադրում են իրավական հիմքերը», - ասաց Փաշինյանը:

«Հայաստանը պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնել՝ խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների և փաստաթղթերի հիման վրա», - ընդգծեց վարչապետը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը՝ «այսինքն, խոսքը գնում է մեկ հատվածի մասին, որը Հայաստանի կողմից սկսվում է Բաղանիսի և ավարտվում է Բերքաբերի հատվածում, և մենք պատրաստակամություն ենք հայտնում այդ մեկ հատվածը որպես առաջին հատված սահմանազատել», վարչապետն արձագանքեց. - «Որպես մեկ ամբողջական կտոր սահմանի՝ սահմանազատել»։ «Եվ ճի՞շտ ենք հասկանում, որ Բերքաբերը այն 31 ոչ անկլավային գյուղերից մեկն է, որի տարածքի մի մասը չի վերահսկվում Հայաստանի կողմից այս պահի դրությամբ», - Ռուբինյանի այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց. - «Այո, ճիշտ եք հասկանում»։

Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա

Ո՞ր քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված տարածքները պետք է անցնեն Ադրբեջանին, հարց տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմաթիի հռչակագիրը», - հայտարարեց վարչապետը:

Դաշնակցական պատգամավորն արձագանքեց. - «Նորից եմ հարցնում՝ Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային Միության վերջին քարտեզ ասածը ո՞րն ա: Կա՞ կոնկրետ քարտեզ, թե՞ ուղղակի Ադրբեջանը մի հատ թղթի վրա գծել ա քարտեզ, ասել ա՝ «այ սենց պետք ա գնամ»:

«Ուրեմն պիտի արձանագրեմ, որ Ոսկեպարի և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ես ոչ մի աշխատանքային տեղեկատվություն մեր սիրելի հայրենակիցներին չեմ փոխանցել: Ես, խոսելով Ադրբեջանի դիրքորոշումների մասին, ես խոսել եմ Ադրբեջանի հրապարակայի՛ն արտահայտած դիրքորոշումների մասին, այլ բան, որ այլ զուգահեռ մեկնաբանություններ եմ արել, որոնք այդ տեղեկատվության շրջանակում չեն տեղավորվում: Եվ նաև, եթե քարտեզ եք ուզում, ես ցույց եմ տվել Հայաստանի քարտեզը և կարող եմ էլի ցույց տալ», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

«Ոսկեպարի, Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչների բոլոր մտահոգությունները լեգիտիմ են»

Իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ է ստացել Փաշինյանը Տավուշի մարզում օրերս ունեցած հանդիպումներից։

Վարչապետն ասաց, թե հանդիպումները շատ կարևոր էին, և այն մտահոգությունները, որ ունեն և՛ Ոսկապերի, և՛ Կիրանցի, և՛ հարակից գյուղերի բնակիչները, բոլորը լեգիտիմ են։ Նա, սակայն, շեշտեց, թե այդ այցի ընթացքում Հայաստանի միջպետական սահմանին մի հետաքրքիր հանգամանք է նկատել. - «Օրինակ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս՝ դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա, ո՛չ մի: Դա կարա մի բացատրություն ունենա՝ որ էն պրոբլեմը, որ մենք էսօր քննարկում ենք, էդ մարդիկ էդ պրոբլեմը գիտեն՝ անկախ նրանից՝ ով դրա մասին բարձր խոսում ա և ով դրա մասին բարձր չի խոսում»:

«Ի՞նչ ենք մենք ստանում՝ մենք ստանում ենք պետական սահման»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարցրեց, թե ինչ է ստանում Հայաստանը՝ զիջելով Ադրբեջանին այդ տարածքները։ Քոչարյան միաժամանակ արձանագրեց՝ ոչինչ էլ չի ստանում՝ փոխարենը թուլացնելով Հայաստանի պաշտպանությունը։

«Դուք էս երկրի վարչապետն ե՞ք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ», - հարցրեց նախկին նախագահի որդին:

Փաշինյանն արձագանքեց. - «Ի՞նչ ենք մենք ստանում՝ մենք ստանում ենք պետական սահման: Այո, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, և այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մի հատված Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել»:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի որդին Փաշինյանին հարց ուղղելիս օգտագործեց «կառավարության գլուխ» ձևակերպումը, անհետևանք չմնաց։ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, նույն կերպ պատասխանեց Քոչարյանին, ինչի հետևանքով կարևոր հարցի քննարկումը վերածվեց մեծ լեզվակռվի և չդադարող բղավոցների։

«Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես պատասխանեցի, որ...», - սկսեց վարչապետը, ապա հետևած աղմուկին արձագանքեց. - «Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չէ, ի՞նչն ա պրոբլեմը»:

Ադրբեջանը դուրս կգա՞ Հայաստանի օկուպացված տարածքներից

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սյերան Օհանյանի հարցին, թե վստա՞հ է, որ Ադրբեջանը դուրս է գալու Հայաստանի օկուպացված տարածքներից, Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Նախ էդ հարցի պատասխանը տալու և էդ հարցը լուծելու համար մենք պետք է ֆիքսենք՝ ո՞րն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելը առաջին կարևոր և պարտադիր նախապայմանն է և քայլն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալու պահանջը դե յուրե, դե ֆակտո և քաղաքական»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG