Մատչելիության հղումներ

Տավուշի ենթակառուցվածքներին առնչվող գործնական քայլեր չկան. սպասում են բանակցողների որոշմանը


Տավուշի մարզ, արխիվ
Տավուշի մարզ, արխիվ

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է, ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան և կապացուցեն, որ դա ՀՀ տարածքն է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Բաքվի պահանջած չորս գյուղերի մասին։

Սա միակ հարցն է, որի պատասխանն իշխանությունը հստակ ունի՝ չորս գյուղերը, որոնց վերադարձի հարցն այժմ քննարկվում է, ադրբեջանական են: Տավուշում էլ մարդիկ հակառակը չեն պնդում, բայց անորոշության մեջ լուծումներ և հստակություններ են ակնկալում պետությունից, թե իրենց ինչ է սպասվում դրանք Ադրբեջանին վերադարձելու դեպքում:

Որոշում չկա, բանակցությունները շարունակվում են. Գնել Սանոսյան

Այս հարցերին, սակայն, պաշտոնյաների պատասխանները նույնքան հստակ չեն: Որոշում չկա, բանակցությունները շարունակվում են, այսօր հայտարարեց տարածքային կառավարման նախարարը: Նաև Գնել Սանոսյանն էր մոտ տասն օր առաջ ուղեկցում վարչապետին Ոսկեպարի և Կիրանցի բնակիչների հետ հանդիպումներում։

«Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, իսկ աշխատանքը միտված է, որ մեր երկու երկրների միջև տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման պրոցես։ Այդ պրոցեսը որոշակի դինամիկա ունի, այսինքն՝ որոշակի պարբերականությամբ հանդիպումներ կան, ինչ-որ բաներ են պայմանավորվում, այդ հանդիպումների արդյունքում վերադառնում են կողմերն իրենց մոտ, իրենց փաստաթղթերում կամ մնացած առումներով ինչ-որ բաներ են… ինքը պրոցես է», - ասաց նախարար Սանոսյանը։

Տավուշցիների հետ հանդիպմանը վարչապետը մարդկանց մտահոգություններին ի պատասխան հավաստիացնում էր, թե ինքն էլ բոլոր հնարավոր խնդիրներից տեղյակ է, ավելին՝ պնդում էր, թե ամեն ինչ կանեն դրանք լուծելու համար: Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանը նաև կոնկրետ ճանապարհահատվածներ էր մատնանշում, որոնք սահմանագծման արդյունքում կարող են անցնել Ադրրբեջանին. - «Այ այստեղից դուրս է գալիս, սենց է մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ, և ես ուզում եմ ասել, որ արդեն այդ հանձնարարականը տվել եմ»։

Վարչապետի հանձնարարականը խնդիրները գույքագրելու մասին է, ոչ թե ճանապարհների կառուցումը սկսելու, այսօր պարզաբանեց տարածքային կառավարման նախարարը:

Պաշտոնյան, սակայն, չասաց՝ օրինակ՝ իր ղեկավարած նախարարությունը ինչ խնդիրներ է գույքագրել, և ինչ քայլեր են ձեռնարկվոււմ դրանք լուծելու ուղղությամբ։ Ընդգծեց՝ զբաղված են ուսումնասիրություններով, կոնկրետ գործողությունների կանցնեն, եթե բոլոր հարցերի պատասխանները հստակ դառնան: Այժմ Գնել Սանոսյանն էլ, ինչպես Ոսկեպարում և մյուս գյուղերում սպասում է բանակցողների որոշումներին:

«Սահմանին մոտ անցնող հատվածներում կան տարբեր ենթակառուցվածքներ, կարող է լինի օրինակ՝ գյուղի ջրագիծ, կամ լինի էլեկտրահաղորդման գիծ, կամ գազատար։ Հիմա պետք է հասկանանք՝ սահմանագծման-սահմանազատման գործընթացից հետո, երբ որ սահմանապահները կկանգնեն, որտեղ են կանգնելու, յուրաքանչյուրը ինչ-որ չափով հետ են գնալու, իրար մոտիկ են կանգնելու, այդ ինչ-որ չափն ինչքան է, կառաջանա չեզոք գոտի, թե չէ, եթե կառաջանա չեզոք գոտի, նրա տարածքում ինչ-որ ենթակառուցվածք կհայտնվի, թե չէ», - ընդգծեց Սանոսյանը։

Ադրբեջանի պահանջած գյուղերի մոտով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Արդյոք դրանք վերադարձնելուց հետո անվտանգային խնդիրները չեն սրվի՝ պաշտոնյաները վստահեցնում են, թե ամեն ինչ հաշվարկել են: Բայց հենց Գնել Սանոսյանը այսօր հստակ պատասխան չուներ, թե երբ կավարտվի օրինակ՝ Սյունիքի Շուռնուխի տների կառուցումը, որոնք Արդբեջանին անցան 20 թվականի պատերազից հետո և երեք տարի է՝ շահագործման չեն հանձնվում:

«Այդ պրոցեսի հերթականությունից կբխի քաղաքական պրոցեսի կամ հանձնաժողովների, ավելի շատ աշխատանքային այդ խմբերի հանձնաժողովների պրոցեսից կբխի նաև մեր անելիքը։ Հիմա հստակ բարդ է ասել, որովհետև կախված է, թե գործընթացն ինչպես կգնա, ինչ հաջորդականությամբ, ինչ տևողությամբ», - ասաց նա։

Սահմանազատումը Տավուշից սկսելը ընդունելի է նաև Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

Սահմանազատման և սահմանագծման գործնական փուլի մասին իշխանությունը երկու շաբաթ է՝ ինչ խոսում է: Մինչ այդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարբեր առիթներով վստահեցնում էր, թե դեռ աշխատանքի կանոնակարգն են համաձայնեցնում, այն դեպքում երբ Բաքվից ամենաբարձր մակարդակով դեռ հունվարին պնդել էին՝ հանձնաժողովների «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

Արդեն այսօր Ազգային ժողովի նախագահը հավաստիացնում էր, թե սահմանազատումը Տավուշից սկսելը ընդունելի է նաև Հայաստանի համար:

«Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով և արդեն ակնհայտ է, որ ճիշտ է Տավուշի մասով սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով, և ես կարծում եմ, որ մենք այս հարցում այս պրոցեսի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ», - ասաց նա։

Ալեն Սիմոնյանը մեկ պնդում էր, թե գործընթացը պետք է հայելային լինի, մեկ դժվարանում ասել, որ ադրբեջանական զորքերն էլ Հայաստանի տարածքից դուրս կգան, բայց ինչպես վարչապետը, այնպես էլ խորհրդարանի ղեկավարը չէր բացառում պատերազմը, եթե տարածքները չվերադարձվեն:

«Իսկ ինչի՞ չհարձակվեն։ Ես կարծում եմ, որ իրենք դա բաց բան են արել։ Մենք, իհարկե, պատրաստ ենք», - ասաց նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG