Սահմանազատման հանձնաժողովները փաստաթղթեր են փոխանցում՝ հասկանալու, թե ինչպես պետք է տեղի ունենա Տավուշի հատվածում տարածքների փոխանցման գործընթացը, «Ազատության»-ը հայտնեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Անցած շաբաթավերջին վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում իշխող խմբակցության հետ քննարկել է Տավուշի հատվածում սահմանազատմանն առնչվող հարցեր։ Թե ինչ ժամկետներում է ծրագրվում Ադրբեջանին փոխանցել Տավուշի հատվածում գտնվող տարածքները, դեռևս հստակ չէ։
Հանձնաժողովները փոխանցում են փաստաթղթեր՝ հասկանալու՝ ինչպես պետք է տեղի ունենա տարածքների փոխանցումը. ՔՊ-ական պատգամավոր
Լիլիթ Մինասյան - Ո՛չ, չի խոսվել հստակ ժամկետների մասին։ Խնդիրն այն է, որ մենք բանակցությունների փուլում ենք դեռ, նույն սահմանազատման հանձնաժողովները փոխանցում են փաստաթղթեր՝ հասկանալու համար՝ ինչպես այդ գործընթացը պետք է տեղի ունենա։
«Ազատություն» - Մոտավոր ժամկետներ էլ չե՞նք կարող ասել, թե երբ կարող են այդ տարածքերը փոխանցվել։
Լիլիթ Մինասյան - Չէ՛, ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկար։
«Ազատություն» - Բայց Փաշինյանը ձեզ հետ հանդիպմանն ասե՞լ է, որ քիչ ժամանակ ունենք։
Լիլիթ Մինասյան - Չեմ հիշի իրականում այդպիսի ձևակերպում, բայց ես ինքս, ուսումնասիրելով դաշտը և նայելով, թե ինչպիսի տեկտոնական շարժումներ են տարածաշրջանում տեղի ունենում, ես էլ եմ կարծում, որ այնպես չէ, որ մենք տարիների ժամանակ ունենք, և կարող ենք լուծել այդ հարցը որոշակի տարիների ընթացքում։
«Ազատություն» - Իսկ այդ տարածքներից 3 -րդ բանակային կորպուսի դուրս գալու մասին խոսվե՞լ է։
Լիլիթ Մինասյան - Բանակային կորպուսի, սահմանագծին կանգնող զորքերի, կամ ինչ է լինելու այդ ամբողջի արդյունքում, դեռևս բանակցությունների փուլում է։ Մենք հստակ չենք կարող ասել՝ ինչ տեղափոխումներ կլինեն։ Այդ ամենը դեռ բանակցությունների փուլում է։
«Ազատություն» - Իսկ անվտանգային հարցերը քննարկե՞լ եք Փաշինյանի հետ այդ հանդիպման ընթացքում։ Եթե մեր Զինուժը այդտեղից տեղաշարժվում է, ի՞նչ է լինելու Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի, բոլոր այդ սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության հետ, ինչպե՞ս ենք մենք դիրքավորվելու, ինչպե՞ս ենք կարողանալու ապահովել մեր բնակիչների ճանապարհների անվտանգությունը։
Լիլիթ Մինասյան - Քննարկվել են, իհարկե, բայց նորից եմ ասում՝ շատ կարևոր է՝ եթե մենք խորանում ենք շատ փոքր դետալների մեջ։ <> Երբ պետության տեսանկյունից ես նայում, երբ ավելի լայն պատկերի միջոցով ես նայում, դու հասկանում ես, որ փոքր անհարմարություն պատճառելով այն վախը, որ կա քաղաքացիների մոտ, այն լեգիտիմ վախը նաև, այդ վախը հաղթահարելու միջոցով մենք կարող ենք ունենալ թեկուզ և դժվարություններով, բայց հստակ պետական սահման, դա շատ ավելի կարևոր է ամբողջ պետության տեսանկյունից, քան այս պահի դրությամբ ունենանք ագրեսիա, որի դիմաց չենք կարողանալու հետո պատասխաններ ունենալ։
Հայաստանի զինված ուժերը պետք է կանգնեն ՀՀ պետական սահմանին. Մինասյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չեն պարզաբանել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ինչ փաստաթղթեր են միմյանց փոխանցում, արդյոք դրանց մեջ կան քարտեզներ, քննարկվում է արդյոք հայկական զորքերի տեղաշարժի հարց, կան կոնկրետ ժամկետներ Տավուշի հատվածի այդ տարածքների փոխանցման վերաբերյալ։
Առանց հստակ ժամկետներ նշելու իշխող «Քաղաքացիական պայմանագրից» շեշտում են՝ Հայաստանի զինված ուժերը պետք է կանգնեն Հայաստանի պետական սահմանին, որպեսզի հնարավորություն չտան Ադրբեջանին ագրեսիա իրականացնել Տավուշի դեմ՝ հիմնավորելով, թե հայկական ուժերն իրենց տարածքում են։
«Ազատություն» - Բայց Ջերմուկում մենք կանգնած էինք մեր սահմանին, մինչդեռ հիմա ադրբեջանական զինուժն ավելի քան 7 կիլոմետր ներխուժել է Ջերմուկի տարածք, ճի՞շտ է։
Լիլիթ Մինասյան - Ոչ միայն Ջերմուկի տարածք, մենք ունենք 31 գյուղերի որոշակի տարածքներ, որոնք գտնվում են այժմ Ադրբեջանի տիրապետության տակ, և այդ պահանջը երբևիցե չի դադարելու լինել՝ լքել մեր տարածքները, մեր ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս գալ, սակայն մենք այստեղ պետք է դիտարկենք ոչ միայն այն կողմից, որ Ադրբեջանը չի դուրս գալիս, մենք դուրս ենք գալիս, այլ՝ մենք ճիշտ լինենք, մենք լեգիտիմ լինենք, մենք կանգնած լինենք մեր սահմաններին։
«Ազատություն» - Ջերմուկում մենք լեգիտիմ էինք և կանգնած էինք մեր սահմանին, բայց դա Ադրբեջանին չխանգարեց, ճի՞շտ է, որ նա ներխուժի։
Լիլիթ Մինասյան - Միանշանակ, բայց այստեղ կարևոր դիտարկում կա, որ Ադրբեջանը հայտարարում է, որ մեր մի ամբողջական բնակավայր իր տիրապետության տակ չէ այժմ, և այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ դա ընդամենը պատրվակ է, սակայն դրանից զատ, մեր խնդիրն այժմ՝ թույլ չտալ որևիցե ագրեսիայի հիմնավորում։ Այս դեպքում երբ այդ տարածքները, որոնք ՀՀ-ին չեն պատկանում, ամբողջությամբ սահմանազատվեն, մենք կարող ենք միջազգային հանրությանը հստակ լեգիտիմ պահանջ հղել՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը լքի Հայաստանի սուվերեն տարածքը։
Ընդդիմությունից մինչդեռ զգուշացնում են՝ Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած տարածքների փոխանցումն անվտանգային լուրջ ռիսկեր է առաջացնելու մարզի մի շարք համայնքների բնակիչների վրա։ Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության և նշանառության տակ են հայտնվելու համայնքային ճանապարհներ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու գազատարը։