Երրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը չի արձագանքում չորս գյուղերն անհապաղ վերադարձնելու Բաքվի պահանջին: Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող ոչ անկլավային գյուղերի մասին շաբաթավերջին խոսել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի (ադրբեջանական կողմից) նախագահ Շահին Մուստաֆաևը:
Պաշտոնյան պնդել է, թե «այդ գյուղերը Հայաստանն օկուպացրել է, դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում»:
Արտգործնախարարությունից հորդորեցին այդ հարցով դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ: «Ազատությունը» հարցումն ուղարկել է, արձագանք դեռ չկա:
Ինչպե՞ս է իշխող ուժը գնահատում Բաքվից հնչած այս պահանջը, և հնարավո՞ր է մինչ սահմանազատումը այս գյուղերը վերադարձվեն Բաքվին: ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է իրավիճակին սառնասրտորեն վերաբերվել և սպասել պաշտոնական արձագանքին, բայց ինքը մինչև այդ էլ վստահ է. - «Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնվի գործընթացի սկիզբ Հայաստանի Հանրապետությունը, դա պետք է բխի ՀՀ շահերից։ Ես նաև ուզում եմ տեղեկացնել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը ոչ միայն մեր պարագայում, այլև ամբողջ աշխարհում, որտեղ դա տեղի է ունենում, որոշակի տարածքներ առաջ են գնում, և որոշակի տարածքներ հետ են գալիս, սա բնական պրոցես է։ Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՀՀ պետական շահը այս պրոցեսի ընթացքում բավականին արդյունավետ գործի։ Ես կարծում եմ՝ մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները»։
Չորս գյուղերի վերադարձի Բաքվին պահանջին նախորդել էր սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Ընդ որում՝ այս մի հանդիպման մասին նախապես հաղորդագրություն էլ չտարածվեց։ Իսկ դրանից հետո միայն հաղորդվեց, որ հանձնաժողովներն անդրադարձել են սահմանազատման հարցերին և սկսել համաձայնեցնել համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:
Շաբաթ օրվա հայտարարությունից պարզ դարձավ, որ Ադրբեջանը գյուղերի մասին խոսել է հանձնաժողովի նիստում։ Իսկ թե որն է եղել Երևանի արձագանքը, պարզ չէ:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը համարում է, որ խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային հանդիպումների անցկացման աշխատակարգը, ըստ որի՝ չհամաձայնեցված կետերը պետք է չհանրայնացվեն:
«Անգամ Հայաստանն իր իսկ կառավարության վավերացրած փաստաթղթերի տառին ու ոգուն մինչև հիմա հետամուտ չի և չի փորձում անգամ դա պաշտպանել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հայկական կողմը Բաքվի պահանջներին ի պատասխան բարձրացնում է իր 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքների հարցը, որոնք Ադրբեջանն օկուպացրել է 90-ականներին ու 2021-22 թվականներին: Բաքուն, սակայն, այդ փաստը չի ընդունում:
Ի վերջո ինչպե՞ս կհանգուցալուծվի 4 և 31 գյուղերի հարցը. իշխանական պատգամավորը հավաստիացնում է՝ իշխանությունը ժողովրդի թիկունքում ոչ մի որոշում չի կայացնի. - «Մենք պետք է հարցը լուծենք և այդ հարցի լուծման արդյունքում պետք է ունենանք անվտանգային երաշխիքներ»։
Ընդդիմադիր պատգամավորը մինչդեռ հակադարձում է՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Սյունիքում ադրբեջանական կողմի տիրապետության տակ տարածքներ են անցել առանց սահմանազատման, և, դա, ըստ Գեղամ Մանուկյանի, տեղի է ունեցել հենց Հայաստանի իշխանության կրավորական քաղաքականության հետևանքով, այժմ էլ այդ քաղաքականությունը նույնն է՝ դրանից բխող վտանգներով:
«Նիկոլ Փաշինյանի ու իր շրջանակի պարբերաբար պաշտոնական հայտարարությունները նույն Տավուշում գտնվող ինչ-որ բնակավայրերի մասին լեգիտիմ իրավունքներ է տալիս, ցավոք սրտի, Ադրբեջանին, նոր ագրեսիա իրականացնելու», - նշեց Գեղամ Մանուկյանը։
Երևանը պարբերաբար հայտարարում է՝ սահմանազատման համար պետք է հիմք դառնան Ալմա-Աթիի հռչակագիրը և Խորհրդային միության վերջին քարտեզները: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս ասել էր՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծից հեռացնում է Ալմա-Աթիի հռչակագրի հղումը, որով ճանաչվել են խորհրդային նախկին հանրապետությունների միջազգային սահմանները։