Հայաստանի արտգործնախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, քննարկել տարածաշրջանային հարցեր։
Արարատ Միրզոյանը Հելգա Շմիդին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի դիրքորոշումները, ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։
Անթալիայում շարունակվում է ֆորումը՝ տարբեր երկրների բարձրաստիճանների մասնակցությամբ։
Ադրբեջանի արտգործնախարարի հետ բեռլինյան հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները, արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»։