Մատչելիության հղումներ

Միրզոյան. «Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում թուրքական Anadolu լրատվական գործակալության տված հարցազրույցում:

Մասնավորապես, նշել է նախարարը, պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար: Միրզոյանը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկվում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը», - ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ նշել է Միրզոյանը:

«Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է», - ընդգծել է նախարարը:

Երկու կարևոր հարցերի շուրջ Երևանը և Բաքուն տարբեր մոտեցումներ ունեն

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ Միրզոյանը հայտարարել է. - «Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»:

Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. - «Այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

Նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք»:

«Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանեն Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

«Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Նա հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ, հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասել է նախարարը:

«Ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. - «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG