Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, հայտնում են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ըստ էության հաստատելով՝ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Ներքին Հանդի արյունալի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական տարածքներից։ «Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին էր ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։
«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - պատասխանել են փոխվարչապետի գրասենյակից:
Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը:
31 և 4 գյուղերին անդրադառնալիս՝ վարչապետը անուններ չէր տվել։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից փաստացի առաջին անգամ հրապարակել են Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների մանրամասն ցանկը։
Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 21-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Ոչ անկլավային այդ տարածքները, որոնք պաշտոնական Երևանը կենսական նշանակության է համարում, հինգ մարզերում են.
- Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր,
- Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ,
- Արարատի մարզում՝ Պարույր Սևակ,
- Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական,
- Վայոց ձորում՝ Ջերմուկ։
Դեռ մեկուկես տարի առաջ, մինչդեռ, Գլխավոր շտաբի պետը լավատես էր, թե Ջերմուկի դիրքեր հասած ադրբեջանցիների հեռանալը օրերի հարց է: «Կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի՝ թե՛ սննդով, թե՛ ջրով, մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս դալու», - ասել էր Էդվարդ Ասրյանը:
«Էսօր մեր գերեզմանը չենք կարողանում գնանք, որովհետև էդ պոստերը թուրքերինն ա, մեր հողերը չենք կարողանում մշակենք». - երեք կողմերից ադրբեջանցիներով շրջապատված Ներքին Հանդի բնակիչները նաեւ արոտավայրեր չունեն, զրկվեցին 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։
Հայաստանի պաշտոնյաները խոսում են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ հայկական տարածքի մասին։
Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, հայտարարել է. - «Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի»:
Մինչ Ալիևն ուղիղ ասում է, որ ետքայլ չեն անի, Երևանից հայտարարում են՝ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։
«Ուղղակի օդում հնչեցնել պահանջներ որոշ գյուղերի կամ որոշ տարածքների վերաբերյալ՝ անընդունելի է: Շատ կարևոր է, որպեսզի սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում վերահաստատվի, որ սահմանազատման գործընթացթում որպես քաղաքական հիմք պետք է ընդունվի Ալմա-Աթայի հռչակագիրը, և որպես տեխնիկական հիմք՝ վերջին շրջանի խորհրդային քարտեզները: Արդեն շատ հեշտ կլինի նաև էդ 4, 31 կամ այլ տարածքների և գյուղերի հարցերը քննարկել», - հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ Հիմա էլ հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում քննարկվել է 4 ու 31 գյուղերի հարցը։
Մասնավորապես հղում են արել երկու հանձնաժողովների աշխատակարգին, թե հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ պարզաբանումներն անթույլատրելի են։ Այդ աշխատակարգը հաստատվել է Փաշինյանի ղեկավարած Կառավարության՝ անցած դեկտեմբերի 14-ի նիստում։