Մատչելիության հղումներ

Իշխանությունը դրական է համարում վերսկսված բանակցությունները, ընդդիմությունը Բաքվից ճնշումներ է տեսնում  


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափի վերականգնումը։

Բեռլինում երեկ ավարտվեցին Միրզոյան- Բայրամով երկօրյա բանակցությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները բաց հարցերի շուրջ։

Թե ինչ բաց հարցերի մասին է խոսքը, պաշտոնական Երևանը չի մանրամասնել։ Երկօրյա բանակցություններում առաջընթացի մասին կողմերը որևէ հիշատակում չեն արել, իսկ Հայաստանն այս տարի արդեն երկու անգամ հետընթաց է արձանագրել խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական առաջարկություններում։

«Ինձ թվում է՝ մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը որպես այդպիսին, և սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։ Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է», - կարծում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Բանակցությունների ո՞ր ձևաչափն է Հայաստանը արդյունավետ համարում՝ երկկո՞ղմ, թե՞ միջնորդի մասնակցությամբ։ ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, թե արդյունավետ են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված բոլոր սկզբունքները, դրանք են՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և ինքնիշխանության սկզբունքով կոմունիկացիների ապաշրջափակումը։

«Գրանդայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները, և բնականաբար, մենք ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները, և ինչպես գործընկերս նշեց, ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումները, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում», - հավելեց Արթուր Հովհաննիսյանը։

Մինչդեռ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ ամեն բան տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով։

«Կա՛մ միջնորդ է փոխվում Ադրբեջանի պահանջով, կա՛մ առանց միջնորդի բանակցության ենք գնում էլի Ադրբեջանի պահանջով։ Այստեղ երկար վերլուծելու բան չկա», - նշեց նա։

Հայկ Մամիջանյանը նաև հարցնում է՝ ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը Բաքվի հետ սահմանազատման հարցեր քննարկում, երբ ադրբեջանական զինված ուժերն այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ վերսկսված բանակցություններից լուրջ արդյունքներ չի ակնկալում։

«Միջնորդության վերաբերյալ եթե տեսնում եք դուք, Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ մեզ որևիցե մի միջնորդ պետք չէ, մի կողմից՝ դա գալիս է նրանից, որ փորձում են ճնշումներ գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, բայց մյուս կողմից էլ՝ իրենք խելոք կերպով, շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան հարթակը, թե՛ նաև հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն», - շեշտեց Օհանյանը։

«Մեր քաղաքականության օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ». Հովհաննիսյան

Դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունն առաջիկայում Եվրամիության անդամի թեկնածու դառնալու հարցը։ Այդ մասին երեկ խոսել էր խորհրդարանի նախագահը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն այս հարցին ուղիղ պատասխան չտվեց՝ հիշեցնելով Եվրախորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

«Թե ինչ օրակարգ է դրվելու, առաջիկայում այդ օրակարգերի վերաբերյալ կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ դրանց վերաբերյալ կլինեն համապատասխան որոշումներ, բայց ես արձանագրում եմ, որ այո, մեր քաղաքականության օրակարգում է, բնականաբար, Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը», - ասաց նա։

Ի դեպ, երեկ վարչապետ Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է Եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

Արթուր Հովհաննիսյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը առաջիկայում կարող է անդամակցել եվրոպական որևէ կուսակցության։

«ՔՊ-ն հիմա վերջերս տեղեկացել է, որ գոյություն ունեն եվրոպական քաղաքական ընտանիքներ և ճանկռտելով փորձում է դրանցից որևէ մեկին անդամակցել, մենք վաղուց ենք հանդիսանում Եվրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքի անդամ», - այս մասին ասաց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը։

XS
SM
MD
LG