Մատչելիության հղումներ

Ի՞նչ ակնկալիք ունեն իշխանությունն ու ընդդիմությունը բեռլինյան բանակցություններից


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը Բեռլինում կեսօրին մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցություններից առաջընթացի մեծ ակնկալիքներ չունի։

Ասաց՝ երկօրյա բանակցությունների ընթացքում արտգործնախարարները հենց խաղաղության պայմանագրի տեքստի վրա են աշխատելու։ Միրզոյանն ու Բայրամովը դեմ առ դեմ բանակցում են ավելի քան ութ ամսվա դադարից հետո, երբ Բաքուն բոյկոտում էր արևմտյան բոլոր հարթակները։

«Ըստ այդ բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք, յոթերորդ ռաուդն է եղել առաջարկների։ Այսօր և վաղը, ըստ երևույթին, տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցում են այս բանակցությունները, թե էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա», - «Ազատության»-ն ասաց նա։

Ադրբեջանը փորձում է հետքայլ անել սկզբունքներից. Խանդանյան

Ադրբեջանը, Խանդանյանի կարծիքով, հուսալի գործընկեր չէ, ասում է՝ բանակցություններում համաձայնեցված մի շարք դետալներ խաղաղության պայմանագրի նախագծում արձանագրում չեն գտնում։

Երբ հայ-ադրբեջանական հրապարակային բանակցություններ չկային, Ադրբեջանը բազմաթիվ նոր պահանջներ առաջ քաշեց՝ անխոչընդոտ անցում Սյունիքով դեպի Նախիջևան, ադրբեջանցի փախստականների ու 8 գյուղերի վերադարձ, Հայաստանի սահմանադրության, օրենքների փոփոխություն, միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից հրաժարում։ Դրանք փոխանակվող տարբերակներում տեղ գտնո՞ւմ են։

Խանդանյանը փակագծեր չբացեց, բայց ասաց՝ Ադրբեջանը հետքայլ է անում Պրահայում, ապա Բրյուսելում համաձայնեցված սկզբունքներից. - «Իհարկե, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից և որոշակի դետալներ փոխելով՝ խախտել այդ սկզբունքների տրամաբանությունը, բայց մեր պնդումն այն է, որ այդ երեք սկզբունքների շրջանակներում պետք է համաձայնագիրը ստորագրվի, և տեքստը պիտի այդ շրջանակներում կազմվի»։

Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական վերջին տարբերակը ստանալուց հետո, դա անցած շաբաթ էր, փոխարտգործնախարարը հայտարարեց՝ Երևանի առաջ մղած երեք սկզբունքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման, խորհրդային վերջին քարտեզներով սահմանազատման ու ինքնիշխանության սկզբունքով ապաշրջափակման շուրջ համաձայնություն դեռ չկա:

Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում պահանջները. Խաչատրյան

Ոչ Երևանը, ոչ Բաքուն խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները չեն հրապարակում։ Չգաղտնազերծելու պայմանով Ադրբեջանի փոխանցած նախորդ երկու առաջարկներին ԱԳՆ-ում ծանոթացած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը ասում է՝ Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում պահանջները, իսկ Հայաստանի իշխանությունը հայկական շահը չի պաշտպանում։

«Կարող ենք վերահաստատել, որ այն առաջարկությունները, որը Ադրբեջանը ներկայացնում է, խաղաղությանը միտված չեն, մի երկու նպատակ ունեն՝ հիմա ամրագրել Արցախի բռնակցումը, հետագայի համար իրավականորեն Հայաստանից նոր զիջումներ կորզել», - նշեց նա։

Բանակցությունների վերսկսումը երաշխի՞ք է, որ էսկալացիայի վտանգը կչեզոքանա։ Այդ ռիսկից հենց Հայաստանի իշխանությունն էր խոսում Ներքին Հանդի արյունալի դեպքերից հետո։ Իշխանական պատգամավորը կարծում է՝ նաև չհարձակվելու պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին Ադրբեջանի արձագանքը ցույց կտա՝ որոնք են Բաքվի իրական մտադրությունները։ Բաքուն, ի դեպ, արդեն մերժել է այդ առաջարկը։

«Տրամաբանությունն այդպիսին է, որ եթե կան բանակցություններ, ապա տրամաբանորեն պետք է լարվածությունը նվազի, և որոշակի կայունություն ձևավորվի», - ասաց Սարգիս Խանդանյանը։

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ էսկալացիայի վտանգը չեզոքացած չէ. - «Ես չեմ էլ բացառում, որ այդ էսկալացիան հենց այս բանակցությունների նախերգանքն էր, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը դա է՝ ամեն բանակցություններից առաջ իրավիճակը սրել հավելյալ զիջում կորզելու համար։ Փաշինյանն էլ, որպեսզի իր զիջումն արդարացնի, ժողովրդին պետք է էլի վախեցնի նոր պատերազմով։ Այ սենց անընդհատ վախեցնելով պատերազմ, պատերազմ, զիջում ենք ամեն ինչ։ Հիմա եթե դու 4 հոգու համար հակաքայլի չես դիմում, վաղը 40 հոգու համար կարող է չդիմես, մյուս օրը՝ 400 հոգու համար»։

Պայմանագրի ստորագրման համար խոչընդոտը Ադրբեջանի վարքագիծն է. այս պնդումն անող Սարգիս Խանդանյանն, այդուհանդերձ, հույս ունի, որ այս տարի փաստաթուղթը կստորագրվի։

«Բանակցությունների սեղան վերադառնալու, կառուցողական դիրքորոշումներ ձևավորելու մեջ է խնդիրը։ Երբ դա տեղի ունենա, իհարկե հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել», - հավելեց նա։

XS
SM
MD
LG