Բաքուն պնդում է՝ հայ-ադրբեջանական տարածաշրջանային խաղաղությունը ո՛չ Փարիզում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ այլ տեղ, այն Ադրբեջանի և Հայաստանի միջև է, այն պետք է կնքվի երկու երկրների միջև, ընդ որում, փաստաթուղթը պետք է ստորագրվի անկախ սահմանազատման գործընթացից: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
«Տարածաշրջանում խաղաղությունն ընկած է Բաքվի և Երևանի միջև այլ ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ տեղ։ Երկու երկրները պետք է միավորվեն և առաջ տանեն խաղաղության օրակարգը», - նշել է նա:
Հաիջևն այս հարթակում էլ հայտարարեց՝ հակամարտությունն այլևս անցյալում է, Բաքվի համար Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի և ասաց՝ այժմ Ադրբեջանի օրակարգում խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունն է։ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունից հետո, հայ բնակչության իրավունքների հարցը յուրովի «լուծելուց» կամ առհասարակ փակելուց հետո էլ, սակայն, հայկական կողմից Բաքվի պահանջները չեն նվազում։
Ադրբեջանական կողմը այժմ էլ խաղաղության խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունում և այլ օրենքներում առկա մի շարք դրույթներ, որոնք ադրբեջանցի պաշտոնյաների գնահատմամբ՝ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ են ենթադրում։ Հաջիևը հայտարարեց՝ այդ հարցով Հայաստանից պատասխանի են սպասում։
Պատասխան հնչեցրեց քննարկմանը մասնակցող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թեև Բաքվի այդ դժգոհությունների և պահանջների ֆոնին է Հայաստանի իշխանությունը սկսել խոսել երկրի մայր օրենքը փոխելու անհրաժեշտության մասին, Ռուբինյանը այդուհանդերձ պնդեց՝ ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է և որևէ կապ չունի խաղաղության գործընթացի հետ։
Խորհրդարանի փոխխոսնակը հիշեցրեց, որ պաշտոնական Երևանը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին՝ պնդեց, որ տարածքային նկրտումները նաև խաղաղության պայմանագրի դրույթներով են բացառվում։ Օրենսդրությունը վերջին հարցը չէ, որից բողոքում է Ադրբեջանը՝ Երևանը խաղաղության բանակցություններին զուգահեռ զինվում է:
«Հայաստանն ընդամենը ամրապնդում է իր պաշտպանությունը, քանի որ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, այդ թվում՝ Ադրբեջանի պատճառով», - արձագանքեց Ռուբինյանը՝ նկատելով, որ ի տարբերություն Երևանի Բաքուն ձեռք է բերում ոչ միայն պաշտպանական սպառազինություն։
«Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, անարդյունավետ են»
Ի դեպ՝ նույն այդ րոպեներին հաղորդվեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հանդիպման մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Չնայած Բաքվի հետ ռազմական ոլորտում ընդլայնվող համագործակցությանը, Անկարան հավաստիացնում է, թե անկեղծ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ցանկություններում։
Այսօր այդ մասին քննարկմանը մասնակցող թուրք դիվանագետ Սերդար Քըլըչը, ով հայ-թուրքական կարգավորման բանակցություններում Անկարայի հատուկ բանագնացն է, հայտարարեց «Ռուբենին և Հիքմեթին լսելով՝ պարզ է, թե որքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները»:
«Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, անարդյունավետ են», - հայտարարեց Քըլըչը՝ զարգացնելով մասնավորապես ադրբեջանցի պաշտոնյայի հնչեցրած միտքը:
Հայ-թուրքական հարաբերություններ
Քննարկում ծավալվեց հայ-թուրքական կարգավորման շուրջ: Երկու երկրների ներկայացուցիչները վերջին անգամ 2022 թվականի հունիսին էին հանդիպել, այդ ժամանակ պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանն այդ ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։
Ինչո՞ւ առաջընթաց չկա ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում, երբ ի վերջո գոնե երրորդ երկրների համար կբացվի սահմանը, թուրք պաշտոնյայի կողմից ուղիղ պատասխան չհնչեց, միայն ակնարկներ, թե Անկարան փոխվստահությանն ուղղված քայլեր է ակնկալում Երևանից։
Արդյո՞ք այդ քայլերը պայմանավորված են Բաքվի պահանջների կատարման հետ, թուրք դիվանագետը չհստակեցրեց, հայաստանցի գործընկերոջը առաջարկեց վերսկսել բանակցությունները, ընդորում, հանդիպումն անցկացնել Երևանում․ - «Առաջարկում եմ Ռուբենին` հաջորդ շաբաթ հանդիպենք Երևանում, և այդ իրադարձությունը դարձնենք պատմական»։
Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը առաջարկեց հրավերը քննարկել և վերջնական որոշում կայացնել: