Մատչելիության հղումներ

ԼՂ-ում քաղաքացիական բնակչությունն ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ․ Օմբուդսմեն


Ադրբեջանն Լեռնային Ղարաբաղում իրագործում է ցեղասպան քաղաքականություն, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շեշտելով՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների արձագանքը և գործուն քայլերը պետք է համարժեք լինեն:

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է»

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է՝ Մանասյանը վկայակոչելով հանրամատչելի աղբյուրներից ու քաղաքացիներից ստացված տեղեկությունները հայտարարում է՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ, Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել են մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ:

«Ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ»

«Բաց աղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Բաց աղբյուրներում տարածված հրապարակումները և քաղաքացիներից ստացված ահազանգերը վկայում են, որ քաղաքացիական բնակչությունը ահաբեկված է, ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ», - հայտարարությունում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մանասյանը նաև ընդգծել է՝ Ադրբեջանը թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով խափանված են էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, նկուղներում գտնվող անձինք մնացել են առանց համապատասխան սննդի, ջրի, էլեկտրականության և կենցաղի այլ տարրական պայմանների:

Ղարաբաղի դեմ «հակաահաբեկչական» գործողությունների մեկնարկից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե «գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ ադրբեջանական բանակը թիրախավորում է հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։ Ղարաբաղից, սակայն, հաղորդում էին, որ ինտենսիվ կրակահերթեր են ողջ Ստեփանակերտում։

«Խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը»

Անդրադառնալով առողջապահական ոլորտին՝ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել է՝ մշտադիտարկված տեղեկությունների համաձայն՝ խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բացակայում են բժշկական անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցները, նույնիսկ առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ նյութերը:

«Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ 30,000 երեխայի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմանների և այլ հիմնարար իրավունքների», - ասված է հայտարարությունում։

«Ադրբեջանի կողմից բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում»

Մշտադիտարկելով ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայի՝ վերջին երկու օրերին տարածվող հրապարակումները Պաշտպանը հայտարարում է՝ բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, սեռական բնույթի սպառնալիքները, ատելության խոսքը շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում ու հարթակներում։

Նման հրապարակումները, ըստ Մանասյանի, հատկապես արվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրող՝ հայ օգտատերերի հրապարակումների կամ լուսանկարների տարածմամբ։

«Կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն»

«Դրանք վկայում են ոչ միայն ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության շարունակականության մասին, այլև վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հայերի, հատկապես՝ թիրախում հայտնված կանանց ու երեխաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունների իրական սպառնալիքի վտանգ են պարունակում։ Այս առումով կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն՝ հայտնվելով ադրբեջանական օգտատերերի թիրախում։ Սրան զուգահեռ, ագրեսիվ խոսքը, ուժի կիրառման հռետորաբանությունը շարունակվում են հանրային գործիչների, հատկապես՝ պատգամավորների հրապարակումներում», - ասում է Պաշտպանը։
շեշտելով՝ այս ամենը բացահայտ վկայում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների նպատակի մասին։

Երեկ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չի դրել։ Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից, եթե ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի, կկայացնեն անհրաժեշտ որոշումներ։ Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանը պետք է լիարժեք ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը։ Սեփական հողում անվտանգ ապրելու պարտավորությունը, կարծում է հրադադարի պայմաններ առաջարկած ռուս խաղաղապահներինն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG