Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը եվրոպացի դիտորդների հետ այսօր այցելել է Սյունիք։ Դիտորդները պարեկություն են իրականացրել Արցախն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մոտ։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությանը՝ միանալու ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար», - առավոտյան տեղեկացրեց եվրոպական դիտորդական առաքելությունը Թվիթերի իր էջում։
Հայաստանը Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց անցած շաբաթ, երբ ադրբեջանցի մի խումբ սահմանապահ զինծառայողներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առաջխաղացման փորձ կատարեցին կամրջի ուղղությամբ՝ փորձելով Հայաստանի տարածքում դրոշ տեղադրել։ Այս քայլին հաջորդել էր հայկական կողմի արձագանքը, կրակոցներից հետո ադրբեջանցիները հետ էին վերադարձել։
Նույն օրը Տեղ գյուղի հայկական դիրքում ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել սահմանապահ ծառայության զինծառայողը։ Պաշտպանության նախարարությանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը ականանետային կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում, իսկ Կապանի հայկական դիրքի ուղղությամբ անօդաչու է կիրառել։
Հենց հունիսի 15-ին էլ Ադրբեջանը փակեց Հակարի կամրջի անցակետը։ Արդեն 7-րդ օրն է Արցախ ո'չ սնունդ է մտնում, ո'չ դեղորայք։
Այսօրվա պարեկության ու հանդիպումների մասին Եվրամիության պատվիրակությունը դեռ նոր տեղեկություն չի տրամադրել։ Եվրոպական պատվիրակությանն այսօր Գորիսում ընդունել է Սյունիքի մարզպետը։
Ռոբերտ Ղուկասյանը հանդիպումը դրական գնահատեց. - «Քննարկել ենք անվտանգային հարցեր թե' Սյունիքի շուրջ ձևավորված և թե' Լեռնային Ղարաբաղի հետ կապված, մասնավորապես Լաչինի միջանցքի հետ կապված ստեղծված իրավիճակը։ Նաև, բնականաբար, քննարկել ենք ոչ միայն անվտանգային, այլ սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Ամբողջ իրավիճակը ներկայացվել»։
Պատվիրակությունը նաև Տեղ համայնքում է եղել, ըստ մարզպետի, հանդիպել Արցախից տեղահանվածներին. - «Կամրջի մոտ էին ուղևորվում, որպեսզի տեսնեն իրավիճակը տեղում։ Եթե չեմ սխալվում, դիտորդների ուղեկցությամբ պիտի մեկնեին էնտեղ։ Ինչպես նաև մեր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պիտի ուղեկցեր»։
Ավելի վաղ Եվրամիության պատվիրակությունից տեղեկացրել էին, որ պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։
Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն երեկ արդեն հյուրընկալվել է կառավարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան հայտնել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում։
Կառավարության հաղորդմամբ, վարչապետը կարևորել էր միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:
Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել էր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարն այսօր ավելի ուշ Երևանում նաև լրագրողներին կհանդիպի։