ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է:
«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը:
Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։
Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին հաղորդած ԱԱԾ-ն երեկ պնդեց՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։ Կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։