Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վերջին գործողությունները հիմնավորում են Հայաստանի մտավախությունները, որ Բաքուն Ղարաբաղում վարում է էթնիկ զտման քաղաքականություն


Լեռենային Ղարաբաղում այժմ հումանիտար իրավիճակը ծայրահեղ լարված է, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկվանից ամբողջությաբ փակ է Արցախը Հայաստանի կապող ճանապարհը, չեն տեղափոխվում անգամ ծանր հիվանդները։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես», - կառավարության այսօրվա նիստում նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, Ադրբեջանի վերջին գործողությունները հիմնավորում են Հայաստանի մտավախությունները, որ Բաքուն Ղարաբաղում վարում է էթնիկ զտման քաղաքականություն. - «Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի: Էլ ի՞նչպես է լինում էթնիկ զտումը՝ արգելակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով»։

Երեկ առավոտյան Հայաստան-Արցախ հնչել էին կրակոցներ, ադրբեջանցի մի խումբ զինծառայողներ առաջխաղացման փորձ էին արել, ապա միջանցքով դադարեցվել էին բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռների տեղաշարժը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել է արձագանքել Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ այն անվանելով աբսուրդային։ Ավելին՝ Հայաստանին մեղադրելով Հակարիի կամրջի անցակետի մոտ տեղի ունեցած սադրանքի համար և պնդելով, թե Հայաստանն է փորձել խախտել անցակետի բնականոն աշխատանքը։

Չնայած այսպիսի լարված իրավիճակին այնուամենայնիվ վարչապետը այսօր նաև հայտարարեց, որ պետք է շարունակվի երկխոսությունը. - «Նաև շարունակում ենք կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»:

Անգամ փոքր առաջխաղացումը բանակցություններում կարելի է դրական համարել. քաղաքական վերլուծաբան

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Ի՞նչ Է հնարավոր բանակցել երկու երկրների լարված հարբերությունների պայմաններում։ Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը կարծում է, որ ցանկացած անգամ փոքր առաջխաղացում բանակցություններում կարելի է դրական համարել. - «Երբ հարցադրումը դրվում է էսպես՝ կարելի՞ է արդյոք բանակցել, պե՞տք է արդյոք բանակցել այսպիսի լարված իրավիճակում, ես ունեմ պատասխան հարցադրումը՝ իսկ ո՞րն է բանակցելու այլընտրանքը։ Բանակցելու այլընտրանքը դա ավելի խոշոր ռազմական գործողություններն են՝ ավելի խոշոր լարումներով և ավելի խոշոր խնդիրներով։ Հիմա Հայաստանը պատրա՞ստ է արդյոք գնալու լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Եթե պատրաստ լիներ, ես կարծում եմ, մենք այսօր Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիք չէինք տեսնի, կամ մեր արևելյան սահմաններին եվրոպացի դիտորդների կարիք չէինք տեսնի»։

Կառավարության նիստին այսօր վարչապետը նաև հիշեցրեց, որ առաջիկայում Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանց ժամկետ նշելու։

Միրզոյանն ու Բայրամովը պետք է հանդիպեին հունիսի 12-ին Վաշինգտոնում, սակայն, հանդիպումից 4 օր առաջ, ադրբեջանական կողմի խնդրանքով, բանակցությունները հետաձգվել էին։

Ըստ Քոչինյանի, ժամկետի փոփոխության պատճառներից կարող է լինել Բաքվի մտավախությունները վաշինգտոնյան ձևաչափի վերաբերյալ։

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Արմենպրեսի հարցին ի պատասխան հայտնել էր, որ «Վաշինգտոնը պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»։

«Ադրբեջանը իր համար առավել հարմարավետ ֆորմատը չի տեսնում Վաշինգտոնում։ Դրա համար ըստ էության Ադրբեջանը մի անգամ չի որ հայտարարել է, որ ամենաընդունելի և ամենահարմարավետ ֆորմատը դա բրյուսելյան ֆորմատն է», - նշեց Քոչինյանը։

Այնուամենյանիվ Հայաստանի վարչապետը հույս ունի, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված առաջընթացը կզարգանա։ Միրզոյան-Բայրամով նախորդ բանակցություններից հետո Վաշինգտոնը ասել էր, որ «եղել է փոխըմբռնման առաջընթաց», սակայն «մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG