Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը։
«Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի քան 6 ամիս շրջափակված Արցախից այսօր հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։
Ադրբեջանի իշխանությունները, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմում է միջազգային հանրությանը. «Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին»։
Արցախից ընդգծում են՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է։
Այսօր՝ 8:40-ի սահմաններում ադրբեջանցի մի խումբ սահմանապահ զինծառայողներ առաջխաղացման փորձ են արել կամրջի ուղղությամբ՝ փորձել են Հայաստանի տարածքում դրոշ տեղադրել։ Հայաստանի սահմանապահ ծառայությունից տեղեկացնում են՝ ձեռնարկված միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ավելի ուշ տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, ենթադրաբար, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում կամուրջը, Հայաստանի տարածք մտնում, դրոշը ձողով փորձում են ամրացնել, ապա բոլորով ցրվում են՝ հայկական դիրքից արձակված կրակոցից հետո։
Պաշտոնական Բաքուն դրոշի տեղադրման ջանքերի մասին չի խոսում, հաղորդում է՝ Հայաստանի տարածքից կրակել են Հակարիի անցակետի ուղղությամբ։