Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է հաղորդել «կրակոցների» մասին, Երևանը հերքում է, Արցախի լիակատար շրջափակման երրորդ օրն է


Հաքարիի կամրջի ադրբեջանական անցակետը, արխիվ
Հաքարիի կամրջի ադրբեջանական անցակետը, արխիվ

Բաքվի պնդումները, թե հայկական կողմն այսօր առավոտյան ու ցերեկն ինտենսիվ կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Երևանը հերքում է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանը տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար:

Երեք օր է՝ Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռների փոխադրումները Արցախ։ Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ահազանգում է՝ չնայած պահուստային ալյուրն ու վառելիքը դեռ բավարար են, բայց ևս մի քանի օր՝ ու դեղ և սնունդ էլ չի ճարվի։

«Որոշ ռեզերվների հաշվին, շատ ավելի սուղ պայմաններով, ավելի սուր թերսնմամբ ավելի երկար ժամանակ կարելի է պահել ժողովրդին, բայց հարաբերական է ժամկետը, դժվարանում եմ դրա համար ասել, թե, կոպիտ եմ ասում՝ սովից երբ մարդ կմահանա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բեգլարյանը՝ շարունակելով. - «Բավականին շատ ապրանքներ սուր խնդրի առաջ են կանգնած՝ դեղորայքը կլինի, տարբեր սննդամթերք, բենզինի և դիզվառելիքի մասով արդեն սուր խնդիր կա»:

Այս ֆոնին, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարությունն է այսօր հայտարարել՝ «ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար»։

Երկու օր առաջ ադրբեջանցի զինծառայողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Հակարիի կամրջից դեպի Սյունիք տանող հատվածում Ադրբեջանի դրոշը տեղադրել։ Գործողությունն ընդհատվել էր հայկական կոմից հնչած կրակոցներով։ Բաքուն պնդում է՝ դա իրենց տարածքն է։ Այդ պահից անցակետը երկկողմանի փակ է անգամ Կարմիր Խաչի մեքենաների համար։

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն ասում է՝ ծանր վիճակում 25 հիվանդի էին փորձում Արցախից դուրս հանել, բայց ստիպված վերադարձել են Ստեփանակերտ. - «Հաղորդագրություն կար, որ վիճակը լարված է, և մենք որոշում կայացրեցինք, որ հետ վերադառնանք բուժառուների և նրանց ուղեկցողների հետ: Դրանից հետո ոչ մի փոփոխություն չի եղել իրավիճակի, այսինքն՝ հա հետևում ենք, հա կապի մեջ ենք բոլոր որոշում կայացնողների հետ և հույս ունենք, որ շուտով կվերսկսենք մեր գործունեությունը»:

Արտակ Բեգլարյանը հիշեցնում է՝ գազից բացի Ադրբեջանն անջատել է նաև Հայաստանից եկող էլեկտրամատակարարումը՝ օրական 6 ժամից ավելի տներում հոսանք չկա, Արցախն իր ներքին ռեսուրսների հաշվին է էլեկտրաէներգիա արտադրում. - «Մեր 6 ՀԷԿ-երի հաշվին ենք արտադրում հոսանք, գնալով նվազում է, որովհետև մոտ 70 տոկոս արտադրանքը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է ապահովում, իսկ ջրամբարի ջուրը նվազում է: Իհարկե, մայիսի վերջ-հունիսին որոշակի կարողացել ենք մակարդակը բարձրացնել տեղումների ծավալի կտրուկ աճով, բայց շուտով տեղումները կտրուկ կնվազեն, արդեն հուլիս-օգոստոսին ստիպված ենք լինելու հովհարային անջատումներն էլ ավելի երկարացնել»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը վստահ է՝ Բաքուն հումանիտար հարցերը որպես գործիք է օգտագործում Արցախի ժողովրդի էթնիկ զտման համար։ Գեղամ Ստեփանյանը հիշեցնում է՝ Արցախում 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում, շրջափակման կես տարվա ծանր կյանքը հիմա ավելի է բարդացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG