«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր, այդ թվում անվտանգության հետ կապված դետալները իրականացվեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում», - այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հաստատելով, որ մինչև օրս այս հարցում Ադրբեջանի հետ համաձայնության գալ չի հաջողվել։
Մինչդեռ Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պնդել է, թե «կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ ճանապարհի առանձին հատվածներ կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն այն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը»։
«Ազատության» հարցին, թե ի վերջո ո՞վ է ի վերջո վերահսկողություն իրականացնելու այդ ճանապարհներին, հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ այն պետք է իրականացնի Ռուսաստանի Անվտանգության դաշնակին ծառայությունը, Կոստանյանն արձագանքեց. - «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, խոսվում է ավելի շատ մոնիտորինգի ֆունկցիայի մասին, որը պետք է ռուսական ФСБ-ն պետք ա իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողություն, բայց կրկնում եմ, դետալները ապաշրջափակման դեռ քննարկման փուլում են։ Այն պահին, երբ համաձայնություն կլինի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների վերաբերյալ, մենք պատրաստ ենք առաջ շարժվել և միգուցե նաև արդեն մեկնարկել կառուցման աշխատանքները»։
Ճշտող հարցին՝ դեռ չկա՞ համաձայնություն ինքնիշխանության իրավազորությունը հարգելու առումով, փոխնախարարը պատասխանեց․ - «Երբ լինի նման գրավոր պայմանավորվածություն, բոլորը այդ մասին կտեղեկանան»։
Ո՞վ է ի վերջո վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են իրարամերժ հայտարարություններ անել։
Ադրբեջանի փոխվարչապետը, հղում անելով նոյմեբերի 9-ի հայտարարությանը, պնդում է, թե «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը պետք է իրականցնեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները»։
Երևանից մինչդեռ հակադարձում են՝ ամեն ինչ պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։
Հակասական այս հայտարարությունների ֆոնին, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի, առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր փոխնացեց, որ առայժմ ադրբեջանական կողմը չի արձագանքել։
Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ կողմերի տեսակետները բավական հեռու են իրար
Ի՞նչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, ո՞ր հարցերի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ Փոխարտգործնախարարն ասաց, թե մի շարք սկզբունքային հարցերի շուրջ կողմերի տեսակետները բավական տարբեր մնալ. - «Այդ թվում՝ քարտեզի ֆիքսման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք ա տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից։ Բայց աշխատանքները շարունակվում են»։
Անդրադառնալով Հակարիի կամրջի ուղությամբ ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձին՝ փոխարտգործնախարարն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սպասում է Ռուսաստանի պաշտոնական արձագանքին։ Հունիսի 15 -ին Երևանը հաղորդել էր, որ ադրբեջանցիները փորձել էին դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։ Տարածված տեսանյութից երևում էր, որ ռուս խաղաղապահները չեն խոչընդոտում այդ գործընթացին։
Մեկ օր անց Ռուսաստանի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ հայկական կողմը նրան իր խիստ դժգոհությունն էր ներկայացրել Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Միջադեպը քննվում է», - ասաց Կոստանյանը։ - «Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ այդ թվում, իր դիրքորոշումը և մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքին»։
Քննարկվում է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը.փոխարտգործնախարար
Վահան Կոստանյանն այսօր նաև անդրադարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցին։ Թե ինչ ցանկություններով և նպատակներով է Ռուսաստանը հենց Կապանում որոշել հյուպատոսություն բացել, փոխարտգործնախարարն ասաց, թե ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցը Ռուսաստանի դեսպանությունը պարզաբանի. - «Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների ցանկությունն ու հետաքրքրությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու համար իրավիճակին»։
Անցած հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Ադրբեջանին ու Իրանին սահմանակից Սյունիքը նաև ԱՄՆ-ի և Եվրամիության ուշադրության կենտրոնում է։ Դեսպանները պարբերաբար այցելում են մարզի սահմանամերձ շրջաններ։