Արդեն 5-րդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը, ըստ հաղորդագրության, հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Շուրջ 175 բուժառու սպասում է Հայաստանի բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Հակարիի կամրջի անցակետը՝ այն բանից հետո, երբ փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում։ Հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։