Հայաստանի հաշվառում ունեցողներին Ադրբեջանն արգելում է մտնել Արցախ, Հակարիի կամրջի իրենց անցակետից հետ են ուղարկել Արցախի երեք քաղաքացիների, որոնք Հայաստանի հաշվառում ունեն։
Այս մասին երեկ ահազանգեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը. - «Ես անձամբ եմ խոսել էդ մարդկանց հետ, անգամ նրանցից մեկը իմ հարևանն է։ Նրանք մշտապես ապրել են Արցախում, ուղղակի ինչ-ինչ պատճառներով հաշվառումը Հայաստանի Հանրապետությանն է»։
Մայր ու երեխա են ու ևս մի կին, որ Արցախից Երևան էին տեղափոխվել բուժման նպատակով, ապաքինվելուց հետո ռուս խաղաղապահների մեքենայով ցանկանում էին իրենց տուն՝ Արցախ վերադառնալ։
Օմբուդսմենը շեշտում է, որ մինչև այժմ Հայաստանի հաշվառում ունեցողները առանց որևէ խոչընդոտի Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցել են անցակետով, բայց փաստորեն մուտք գործել չի ստացվում։ Ատեփանյանը գիտի ինչու է այդպես. - «Ադրբեջանը շահագրգռված է, որ Արցախում որքան հնարավոր է քիչ մարդ լինի, կամ ընդհանրապես հայ չլինի»։
Եվս մեկ ապացույց է, ըստ օմբուդսմենի, որ Բաքվին Արցախի տարածքն է պետք՝ առանց բնիկ ժողովրդի։ Իսկ Արցախում հարյուրավոր քաղաքացիներ են ապրում Հայաստանի հաշվառմամբ։
«Բնական է, այդ հարցին ո՞վ է ուշադրություն դարձրել», - ասում է Ստեփանյանը։ - «Օրինակ, Սյունիքից մարդիկ կան Արցախում, որոնք գրանցված են Սյունիքում, բայց իրենց ընտանիքը կառուցել են Արցախում»։
Լաչինի միջանցքի երկու ադրբեջանական անցակետերի միջև հայտնված գյուղերից մեկում ապրող մեր զրուցակից 34-ամյա տղամարդը 29 տարի Արցախում է ապրում ՝ Հայաստանի հաշվառմամբ. - «Մենք չենք փոխել, որովհետև միշտ էլ Արցախը եղել ա հայկական, ոչ մեկի համար տարբերություն չի եղել Հայաստան, թե Արցախ, բոլորը մի հայրենիք ա եղել։ Դրա համար էլ չենք փոխել»։
Կին ու երեք փոքրիկ ունի, ինքն էլ գյուղի մաթեմատիկայի ուսուցիչն է։ Լսել է ադրբեջանցիների նոր պայմանի մասին. գյուղից դուրս գալ կարող է, վերադառնալ՝ ոչ ։ Որոշել է գյուղից դուրս չգալ. - «Խնդիրը ինչ առաջացել ա, ես բնակավայրս լքելու որևէ ցանկություն չունեմ։ Առավել ևս, եթե ինչ-որ մի խնդիր լինում ա, որ պետք ա անպայման դուրս գայի նորից վերադառնայի, սկի չեմ էլ ուզում դուրս գամ»։
Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, ըստ օմբուդսմեն Ստեփանյանի, էթնիկ զտման իսկական ֆիլտր է դարձել։ Հայաստանի հաշվառում ունեցողներից բացի, այստեղով նաև պատերազմի մասնակիցներն են զգուշանում անցնել։
Ստեփանյանը շեշտում է, որ լավագույն դեպքում նրանց թույլ չեն տա հատել անցակետը, մյուս տարբերակն այն է, որ նրանց կառևանգեն, մեղադրանք կառաջադրեն. - «Եթե անձնագրային տվյալները հայտնվում են քո նկատմամբ թշնամական տրամադրված պետության տիրապետության և նրա իշխանությունների տիրապետության տակ, որևէ սցենար չենք կարող բացառել»։
Ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանությանը հարցին միջազգային կառույցները պետք է արձագանքեն։
Ստեփանակերտցի Նարինե Դանիելյանը Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի ադրբեջանական անցակետը հատել է մի քանի անգամ։ Ասում է անցակետի ադրբեջանցիները իրենց մասին այնքա՜ն բան գիտեն. - «Երբ որ մենք մոտեցանք իրանց, արդեն իրանց համակարգչի մեջ Արցախի ժողովրդի տվյալները կա։ Ինքը որ քո անձնագրի տվյալները, սերիան խոսքի, գցում ա կամպյուտեր, որ արդեն ընտեղ ցույց ա տալիս, որ դու Արցախի քաղաքացի չես»։
Ադրբեջանցի սահմանապահների հարցուփորձն էլ ամուր նյարդերով մարդկանց համար է։ Այդ ամենին, ըստ Նարինեի, պատերազմի որևէ մասնակից չի դիմանա։ Համերկրացու տոնով Խանքենդի ու Շուշա են գովում. - «Խանքենդիում որտեղ եք ապրում... Խանքենդին սիրում քաղաք ա... հեսա ախպերություն կլինի... ընենց բաներ են խոսում, որ հոգեկանիդ վրա մի քիչ ազդեն»։
«Միայն կնիք չեն դնում։ Առայժմ», - դառնանում է Նարինեն. - «Պարզ քեզ հարց են տալիս՝ ձեր նպատակը Հայաստան գնալու, ինչի՞ համար եք գնում Հայաստան։ Իրանք ասում են, որ մենք յանիմ Ադրբեջանի քաղաքացիներ ենք...»