Ի հեճուկս Հայաստանի գործադրած ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական սադրանք որակելով մարտի 11-ին Տեղում ադրբեջանցիների գործողությունները, որի արդյունքում Հայաստանի Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին:
«Զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը», - ասաց վարչապետը՝ խնդրելով՝ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
«Տեղում մարտի 30-ից ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի»
Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի գործողությունները հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարություններին։
Պրահայում կողմերն արձանագրեցին, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
Երեկ Եվրամիությունը հայտարարություն տարածեց՝ նախ ափսոսանք հայտնելով ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական բախումների կապակցությամբ, ապա նշելով, որ «այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի սահմանային գիծը, և այդ գծից երկու կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն անվտանգային հեռավորության վրա՝ խուսափելու նման միջադեպերից»։
Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով, այսօր հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ նկատելով՝ Հայաստանն այս մասով իր պատրաստակամությունն է հայտնել դեռ 2021 թվականից։
«Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը», - ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով․ - «Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի փետրվարի 22-ին կայացրած որոշման»։
«Հայաստանը հավատարիմ է բոլոր հարցերը բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը»
Փաշինյանը վերահստատեց՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։
«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի և Սոչիի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա», - եզրափակեց գործադիրի ղեկավարը։