Մատչելիության հղումներ

Խոսում են խաղաղության մասին, անընդհատ տարածք ու մարդ ենք կորցնում. Արթուր Խաչատրյան


«Սահմանները թափանցիկ են, ծակ են, ադրբեջանցիք հանգիստ մտնում են Հայաստանի Հանրապետության տարածք», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահման ադրբեջանցիների ներթափանցելուն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Զրույցից հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանցիներ են անցել Հայաստան, և մեկը ձերբակալվել է, բայց այլ մանրամասներ չկան, այդ թվում և ԱԱԾ-ից։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունեցել։

Արթուր Խաչատրյան. - Սահմանները թափանցիկ են, ծակ են, ադրբեջանցիք հանգիստ մտնում են Հայաստանի Հանրապետության տարածք։ Կարծում եմ, որ մոլորվել չէ, դա թշնամական գործողություն է, որովհետև եթե մոլորված լիներ, պետք է գնար հանձնվեր, ասեր՝ կներեք, մոլորվել եմ։ Այդպես շատ է եղել, որ մոլորվում են մառախուղի պատճառով և այլն, ռուսների միջոցով վերադարձվում են իրար, բայց սա ավելի հակված եմ դիվերսիա դիտել։ Շատ կասկածելի է Ազատ գյուղում 15 զինվորականների ողբերգական մահը, էլի կան մարդիկ, ովքեր դրա մեջ տեսնում են դիվերսիա և, անհիմն չեն իրենց կասկածները, այսինքն՝ ինչպե՞ս եղավ, որ մարդիկ այրվեցին մահճակալից վեր չկացած։

Վերջերս՝ անցած ուրբաթ, մենք «Հայաստան» խմբակցության չորս պատգամավորներով գնացինք Տեղ-Կոռնիձոր, տեսանք, որ թուրքերը շվշվացնելով մտել են Հայաստանի Հանրապետության տարածք, մարդկանց տարածքում են գտնվում, որևէ դիմադրության չեն արժանացել։ Սա է մեր սահմանների վիճակը։ Սա գալիս է նրանից, որ Փաշինյանն ասում էր՝ այն սարի համար, որ տարվա կեսը ձյուն է, հո կռիվ չենք անի։ Ադրբեջանցիք էլ ասում են՝ դե կռիվ չեք անում, տվեք, ինչքան սար կա, որի գլխին տարվա կեսը ձյուն է, տվեք մեզ։

«Ազատություն». - Ես ԱԱԾ-ին մեջբերեմ, երկու փաստարկ, առաջինը, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում, որը Դուք հիշատակեցիք, դիրքեր չեն եղել, որովհետև դիրքերը բարձունքներում են լինում…

Արթուր Խաչատրյան. - Ե՞վ։ Դիրքերը դնում են բարձունքում, որպեսզի թույլ չտան, որ ստորոտ թուրքերը մտնեն, բա այդ բարձունքի դիրքերով ինչո՞ւ չեն կանխել, այսինքն՝ ի՞նչ, որ սարի գլխին դիրք է եղել, թուրքը կարող է շվշվացնելով գա, մտնի ՀՀ տարածք։ Երկուշաբթի օրը, օրինակ, Տեղից մարդ էր եկել, ասում է՝ թուրքերը եկել, մտել են իմ դաշտ։ Այդ դիրքերը, որ սարի գլխին են, բարձունքում են, ինչո՞ւ չեն կանխել ադրբեջանցիների ներթափանցումը։

«Ազատություն». - Եվ հաջորդը, որ այդ խնդրին «հայկական կողմը մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։

Արթուր Խաչատրյան. - Գիտեք, թուրքը որ մտնի Երևանի մատույցներ, լավ հարավից գամ՝ գա, հասնի Նորագավիթ, կարող է իրենք ասեն՝ մենք, որպեսզի էսկալացիա չլինի, թուրքերին Նորագավիթից դուրս չենք շպրտի։

«Ազատություն». - Դե Դուք խտացնում եք գույնը, բայց այդ հատվածում եթե կրակ բացեին, մեկ էլ տեսար՝ վերաճում էր լայնածավալ պատերազմի։

Արթուր Խաչատրյան. - Լավ, դրա համար էլ առանց կրակ բացելու մարդիկ մտնում են երկրի տարածք։ Կա իշխանություն, իշխանությունը պարտավոր է ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունը, իր բնակիչների անվտանգությունը։ Հիմա ի՞նչ ասի, ասի՝ մենք չենք կարող, մեր սահմանը չենք փակում, չենք պաշտպանում մեր սահմանը, որովհետև կարող է պատերազմի վերածվի։

Երկրորդը՝ ընդհակառակը մի անգամ չես բացում, կգան, էլի կգան։ Չե՞ք կարծում չէ, որ միակ խոցելի տեղը կարող է այդ հատվածը լինել, և երկրորդը՝ այս մարդիկ չեն հասկանում, որ ադրբեջանցիների վարքագիծը պայմանավորված չէ իշխանությունների՝ հայկական կողմի վարքագծով, ադրբեջանցիք ունեն իրենց քաղաքական նպատակը, այդ նպատակը պանթուրքիզմն է, ցամաքային կապ հաստատելն է Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, իրենք դրան գնում են։ Այնպես որ, նրանք, ովքեր ասում են՝ Ղարաբաղը տանք, ամեն ինչ լավ կլինի, սխալվում են, որովհետև թուրքերի ուզածը մենակ Ղարաբաղը չէ, Արցախի Հանրապետությունը չի, արդեն Սյունիքի մասին են խոսում։ Երկու տարի առաջ մենք որ ասում էինք՝ թուրքերը վաղը հիշեցնելու են, որ Վայքը ժամանակին կոչվել է Ազիզբեկով, հիմա դա անում են, արդեն խոսքը գնում է, որ պետք է վերադառնան։ Սրանք փշի-փշի են անում անընդհատ, փորձում են թուրքերին սանձել, չի ստացվում, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են զիջել։

«Ազատություն». - Զիջո՞ւմ է արդյոք, երբ վարչապետն ասում է, որ չէ, որոշակի բարելավում կա, 12 կմ-ից 7-ի տեղակայման կետերը հստակեցված են, 5-ն են մնացել։

Արթուր Խաչատրյան. - Ուրեմն, 5 կիլոմետրը …, զրոյական կետ էր, մենք ունեինք 12 կմ կայուն հատված, հիմա 5 կիլոմետրով ադրբեջանցիք մխրճվել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Է, ինչ լավ է, փառք Աստծո, կարային չէ 25 մտնեին։ Այդ տրամաբանությամբ որ գնանք, նշանակում է՝ ինչ լավ է։ … Իրենց 5-ն է պետք, 5-ն են գրավել։ Որ ԱԱԾ-ն ասում է 100 մետր, 300 մետր են եկել, իրենց 100 մետր է պետք եղել, որովհետև բլրակները, որոնց վրա իրենք կան, կամ այն ձորակը, 100 կամ 300 մետր է եղել, իսկ Վայոց Ձորից ինչքա՞ն են մտել։ Հիմա խոսում են խաղաղության մասին, մենք անընդհատ տարածք ենք կորցնում, մարդ ենք կորցնում։

XS
SM
MD
LG