Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը շարունակում է սադրանքը. ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետային միջոցներ:

«ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Իր հերթին, պաշտոնական Բաքուն պնդում է, թե «հայկական ուժերը հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի վերջին հայտնել էր, որ հայկական կողմի հաշվարկներով՝ ադրբեջանական կողմը Կոռնիձորի հատվածում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել առնվազն 5 կետերում:

Ապա կրկին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է, սակայն Տեղ գյուղի բնակիչները «Ազատությանն» ասել էին, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։

Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

XS
SM
MD
LG