Մատչելիության հղումներ

Եթե ժամանակին այդ հատվածում դիրքեր կառուցվեին, երեկվա միջադեպը տեղի չէր ունենա. Տիգրան Գրիգորյան


Եթե ժամանակին այդ հատվածում դիրքեր կառուցվեին, երեկվա միջադեպը տեղի չէր ունենա, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեզ համար հնչեցի՞ն համոզիչ բացատրություններ, թե ինչու երեկվա սահմանային ագրեսիան տեղի ունեցավ:

Գրիգորյան. - Ճիշտն ասած, ոչ, իրականում, ինչպես տեսնում ենք, վարչապետը հերթական անգամ զբաղված է ինչ-որ մանիպուլյացիաներով, անցյալի քննարկմամբ: Երբ նախորդ օրը տեղի է ունեցել այսպիսի միջադեպ, ունենք մարդկային կորուստներ, կանգնել ու խոսել Մադրիդյան փաստաթղթի ադրբեջանական ինտերպրիտացիայի մասին, իսկ այն, ինչ նա հնչեցրեց Ազգային ժողովում հերթական անգամ, դա Մադրիդյան փաստաթղթի ադրբեջանական ինտերպրիտացիան, պարզապես անլուրջ է, երկրի ղեկավարը նման պահվածք չպետք է դրսևորի այսպիսի ճգնաժամային իրավիճակներում:

«Ազատություն». - Պաշտպանության նախարարն ասում էր, որ նախորդ օրերին էլ են գնացել-եկել թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը ինչ-որ ճշգրտումների համար, և ահա հրմշտոցից է սկսվել այս միջադեպը:

Գրիգորյան. - Սկսենք նրանից, թե ինչո՞ւ է հայկական կողմն այս փուլում այդ ինժեներական աշխատանքները կատարում: Մենք գիտենք, որ կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ից այդ ժամանակավոր ճանապարհը, որը կապում էր Լաչինի միջանցքի նոր երթուղին Տեղ գյուղի հետ, պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, այսինքն, Հայաստանում գիտեին, որ այդ ժամանակավոր ճանապարհը պետք է փոխանցվի Ադրբեջանին, և Ադրբեջանն առնվազն լինելու է Տեղ գյուղի սահմանին, տեսանք, որ նույնիսկ սահմանին չի, այլ 100-200 մետր տարբեր հատվածներում, ինչպես նշում է, նույնիսկ առաջ եկան արդեն Հայաստանի սուվերեն տարածք, Հայաստանի իշխանությունները, Հայաստանի զինված ուժերն, այլ պատկան մարմիններն այսքան ժամանակ պարզ չէ, թե ինչով էին զբաղվում, ինչո՞ւ պետք է այդ ինժեներական աշխատանքները կատարվեն այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն մտել են Հայաստանի սուվերեն տարածք և դիրքավորվել: Ինչո՞ւ մինչ այդ մենք պատրաստ չէինք, որ սահմանի այդ հատվածում հայտնվելու են ադրբեջանցիներ: Եթե ժամանակին այդ դիրքերը կառուցվեին, եթե ժամանակն այդ դիրքերը կահավորվեին, նմանատիպ իրավիճակ պարզապես անհնար էր, որ տեղի ունենար:

«Ազատություն». - Ըստ ամենայնի արդեն այդ ժամանակ էլ հնարավոր է էսկալացիայից խուսափել, որովհետև հիմա էլ ԱԱԾ բացատրությունը դա է, չէ՞, պարոն Գրիգորյան:

Գրիգորյան. - Այո, իհարկե: Այսինքն՝ եթե մեկ քայլ առաջ նույնիսկ չենք կարողանում կանխատեսել հակառակորդի քայլերը, իսկ հակառակորդը նմանատիպ պահելաձև դրսևորել է վերջին երեք տարվա ընթացքում պարբերաբար, ամեն անգամ, երբ հայկական կողմը լքում էր ինչ-որ տարածք կամ ինչ-որ տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցնում, ադրբեջանցիները գալիս էին ու ամենանպաստավոր դիրքերը զբաղեցնում էին: Հայկական կողմը հույսը դրել էր այդ GPC-ի, դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի վրա այն դեպքում, երբ այդ գործընթացը շատ հաճախ կանխորոշվում է հենց գետնի վրա առկա իրավիճակով: Այսինքն՝ ես վստահ եմ, որ հիմա նույնիսկ եթե այդ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվի ադրբեջանցիները ոչ մի հատվածից հետ չեն գնալու, այն բոլոր հատվածներից, որոնք նրանք 2020 թվականի պատերազմից հետո զբաղեցրել են:

«Ազատություն». - Ավելին՝ սա նշանակում է, որ ապագա սահմանագծում, սահմանազատումն այդ մթնոլորտում է ընթանալու:

Գրիգորյան. - Իհարկե, Ադրբեջանն ուժային ճնշման այդ քաղաքականությունը շարունակելու է, և Ադրբեջանը պարտադրելու է լուծումներ Հայաստանին այդ գործընթացում: Պատահաբար չէ Ալիևը հայտարարում, որ՝ «դելիմիտացիան և դեմարկացիան պետք է տեղի ունենան մեր պայմաններով», մինչև այդ խոսում էր ինչ-որ պատմական քարտեզների մասին: Մտածել, թե կարելի է հույսը դնել ինչ-որ միջազգային սկզբունքների կամ միջազգային հանրության աջակցության վրա և դրանով ազդել Ադրբեջանի վրա, միամտություն է: Այսինքն՝ դու գետնի վրա կոնկրետ քայլեր չես ձեռնարկում, եթե բարենպաստ դիրքեր չես զբաղեցնում, եթե համապատասխան նախապատրաստական աշխատանքներ չես կատարում, վերջնարդյունքը սա է լինելու:

XS
SM
MD
LG