Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զորքերը հետ քաշել 1991-ի սահմանային գծից


Եվրամիությունը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին Տեղ գյուղի շրջանում երեկ տեղի ունեցած ռազմական բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմերից զոհեր և վիրավորներ կան։

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի սահմանային գիծը, և այդ գծից երկու կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն անվտանգային հեռավորության վրա՝ խուսափելու նման միջադեպերից», - նշված է Եվրամիության հայտարարությունում։

Բրյուսելը նշում է, որ նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, ներառյալ 2022-ի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Եվրամիությունը նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի դելիմիտացիայի բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այդ գործընթացին։

Եվրամիությունը կրկին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և բոլոր վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։

«Եվրամիությունը շարունակում է աջակցել այդ ջանքերին, ներառյալ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայության միջոցով», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG