Հաշվի առնելով, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրով բավարարել սեփական պահանջները, տվյալ դեպքում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին ու նաև էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը, պաշտոնական Երևանը կարևորում է միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Սարգիս Խանդանյանի համոզմամբ, կարևոր է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը ընդունելի կլինի կողմերի համար։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը օրինակ է բերում Կոսովոյի և Սերբիայի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի հետ շուրջ 12 ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո, կողմերը համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ինչը կհանդիսանա նախապայման Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։
«Կոսովոյի և Սերբիայի միջև տեղի ունեցան բանակցություններ Եվրամիության միջնորդությամբ, և որոշակի համաձայնության եկան, և սա տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ և, ըստ էության, խնդիրները կարգավորվեցին միջազգային մանդատ ունեցող բանակցողի միջնորդությամբ։ Սա մի տարբերակ է։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակում էդ մեխանիզմի ձևը և բովանդակությունը։ Դա կարող է լինել մի մեխանիզմ, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար, բայց նաև պետք է այդ մեխանիզմն արդյունավետ լինի և տեսանելիությունը բարձր պահի խնդրի», - ասաց Խանդանյանը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իր համար անընդունելի է այդ միջազգային մեխանիզմը, Խանաղյանն արձագանքեց․ - «Դե, մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար անընդհատ տեսանելի պահենք խնդիրը և ցույց տանք, որ դա է միակ ճանապարհը որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համապարփակ և վերջնական լուծում ստանա», - ասաց պատգամավորը։
Արձագանքելով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, որ Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Սարգիս Խանդանյանն ասաց, թե իրենք ամեն ինչ անում են՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանագությունն ապահովելու համար։
«Գիտեք, էդ հռչակագրային տերմինաբանությունը՝ սրանից հրաժարվել, նրան ընդունել, մենք ասում ենք այն, ինչ ասում ենք, լայն ենք պահում հարցի բովանդակությունը և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունն, ինչն այսօր ամենակարևորն է և ինչի կարիքն ամենաշատն ունի Լեռնային Ղարաբաղի հայությունը», - ասաց Խանդանյանը։