Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի հայտարարությունն ինքնորոշման իրավունքի մասին


Ստեփանակերտ, Արցախ, արխիվ
Ստեփանակերտ, Արցախ, արխիվ

Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի երեկվա հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օլաֆ Շոլցին ուղղված գրառմամբ շեշտել է. «Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»։

Գերմանիայի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին ընդգծեց պատերազմից հետո գրեթե չհնչող ինքնորոշման իրավունքը, որ շուրջ երեք տասնամյակ դրված էր հակամարտության կարգավորման հիմքում՝ ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», - ասել էր կանցլերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մոտ մեկ տարի է այլևս չի օգտագործում «ինքնորոշման իրավունք» եզրույթը, Շոլցի հայտարարությանը չարձագանքեց ոչ հանդիպմանը, ոչ էլ հետո՝ Արտաքին քաղաքականության խորհրդում Ղարաբաղի հարցով ծավալուն քննարկմանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի շտապում դրական ակնկալիքներ ձևավորել կանցլերի խոսքից. «Եթե այս հայտարարությունն ունենա շարունակականություն, այսինքն՝ մենք տեսնենք նմանատիպ հայտարարություններ թե Գերմանիայի, թե այլ եվրոպական առաջնորդներից նման շեշտադրումներով, և եթե այդ հայտարարությունները չմնան զուտ հայտարարություններ, այլ վերածվեն որոշակի գործնական քայլերի, իհարկե գործնական քայլերը կարող են հատվել միայն Հայաստանի որոշակի գործնական քայլերին, եթե սա նախաբանն է որոշակի քաղաքական փոփոխության, ապա դա շատ կարևոր հայտարարություն է, բայց եթե սա միանգամյա ակցիա է գուցե Ադրբեջանին որևէ բան հասկացնելու, գուցե դատարանի որոշումը չկատարելու հետևանքով որոշակի ֆրուստրացիայի արտահայտումն է, ապա իհարկե, սա չունի այն կարևորությունը, որը մեր լրատվական դաշտը փորձեց հաղորդել»:

Բաքուն առայժմ չի անդրադարձել Օլաֆ Շոլցի հայտարարությանը, Ադրբեջանը պատերազմից հետո բացառել է բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով, որի առաջարկած կարգավորման առանցքային սկզբունքներից՝ ժողովուրդների ինքնորոշումը, տեղ չի գտել խաղաղության պայմանագրի ադրբեջանական 5 կետանոց նախագծում։ Ադրբեջանը արցախահայերին համարում է իր քաղաքացիները, իսկ բանակցել պատրաստվում է նրանց ինտեգրացիայի շուրջ։

Պաշտոնական Երևանը դեռ անցած տարեսկզբին խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, ընդ որում, որ դա պետք է առանց սահմանափակումների կյանքի կոչվի։ 2021-ի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ամրագրված էր. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:

Անցած տարվա ապրիլից՝ վարչապետ Փաշինյանի՝ նշաձողն իջեցնելու մասին հայտնի ելույթով հայկական կողմի հռետորաբանությունը փոխվեց:

Այժմ ինքնորոշման իրավունքը չհիշատակելն ու փոխարենը առաջարկել միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն՝ արցախահայերի իրավունքների հարցով, արժանանում է Հայաստանի ընդդիմության քննադատությանը, որը հիշեցնում է բանակցային 25 տարիները, երբ Երևանը պնդում էր՝ ղարաբաղցիներն ինքնորոշվել ու իրենց պետությունն են ստեղծել:

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կարողությունները Արցախում հողի վրա որևէ բան փոխելու կամ որևէ ազդեցություն գործածելու մոտ են զրոյին: Հայաստանը չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, և այս պարագայում անել հայտարարություն, որը կարող է լարել իրավիճակն Արցախում՝ հողի վրա, կարծում եմ՝ անպատասխանատվություն կլինի: Այսպես ասած՝ մենք ոչ մի բանով չենք կարող օգնել, ոչ մի բանով չենք կարող պաշտպանել, բայց կրակի վրա յուղ լցնենք», - նշեց քաղաքագետը:

Երևանն այժմ բանաձևել է՝ անվտանգություն և իրավունքներ, իսկ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց։

XS
SM
MD
LG