Մատչելիության հղումներ

Կսպասենք և կտեսնենք, թե Արցախի իշխանության արտաքին քաղաքական վեկտորը ինչ փոփոխություն կապրի. Ալեն Սիմոնյան


Չնայած Բաքվից հնչող սպառնալիքներին և վերջնագրերին ու Երևանի կոշտ հակադարձումներին՝ Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում չեն։

«Այնուամենայնիվ, գործընթաց կա, և այդ գործընթացը տեղում կանգնած չէ և փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի, որևիցե ձևով հերթական սադրանք անելու առումով, դա կարող է զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար», - ասաց Սիմոնյանը:

Նախօրեին, Ադրբեջանի նախագահը նախապայման էր ներկայացրել՝ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ պաշտոնապես պետք է ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչպես նաև Բաքվի պայմաններով կատարեն դելիմիտացիայի աշխատանքներ։

«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի»,- զգուշացրել էր Ալիևը։

Արդյո՞ք այս նախապայմաններն ընդունելի են Երևանի համար։

«Կարծում եմ ԱԳՆ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է և որևիցե բան այս պահին ավելացնելու չունեմ», - ընդգծեց խորհրդարանի նախագահը:

«Բանակցություններում հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը»

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Ալիևին, ևս մեկ անգամ շեշտել էր՝ Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում:

Այս լարված իրավիճակում ո՞ւմ միջնորդությամբ են այս պահին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը՝ ռուսական կողմի միջոցով փոխանակումն է», - ասաց Սիմոնյանը շարունակելով, - «Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նաև կան նախաձեռնություններ Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության կողմից»:

Վերջերս Արցախի խորհրդարանական 5 ուժերը հայտարարություն տարածեցին՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Արդյո՞ք պաշտոնական Երևանն այդ իրավունքը կասկածի տակ դնում է։

«Մենք որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում, խոսում ենք դրանց իրականացման հնարավորության մասին»

«Մենք որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին: Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է և խոսացել են դրա մասին, ու տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել: Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն և այդ հնարավորությունը, կարծում եմ, լավագույնս օգտագործում են ու իրենք են զբաղվում իրենց իրավունքներով: Մենք կսպասենք և կաջակցենք ու կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության, Ազգային ժողովի, պատգամավորների, ինչ փոփոխություններ կապրի, և ուր կտանի այդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք», - ասաց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ Արցախում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությո՞ւն է լինելու, Հայաստանի ԱԺ նախագահը պատասխանեց. - «Հետաքրքիր է, որ զարմանալով եք ասում, որ փոփոխություն կարող է լինել որևիցե երկրի, որևիցե քաղաքական միավորի, իհարկե, բանակցությունները փոփոխությունների մասին են, բանակցությունը նրա մասին է, թե մենք մեր դիրքորոշումները ինչով կարող ենք փոփոխել, որպեսզի համաձայնության գանք»:

Ալեն Սիմոնյանն ասում է՝ շատ ուրախ է, որ Արցախի դերը, որպես բանակցողի, որպես Արցախի կագավորման հարցում անմիջական մասնակցի հասցրել են ամենաբարձր մակարդակի։ Եվ այժմ և՛ Արցախը, և՛ Բաքուն փորձում են խոսակցության եզրեր գտնել։

Մինչդեռ պաշտոնական Արցախը փետրվարի 24-ին և մարտի 1-ին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից հետո հայտարարեց, որ քննարկել են հումանիտար և տեխնիկական հարցեր։ Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել էր՝ մերժել են քաղաքական հարցերի քննարկումը, քանի որ Բաքուն առաջ է մղել Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցը։

«Ազատության» հարցին՝ այս պահին Արցախի և Ադրբեջանի միջև կա՞ն քաղաքական հարցերի քննարկումներ, Սիմոնյանը պատասխանեց. - «Ընդհանրապես էդ հանդիպումները տեղի են ունենում, ինչ-որ բանից սկսվում են այդ խոսակցությունները, ենթադրենք, էդ խոսակցությունը կարող է սկսվի նույն Լաչինի միջանցքի բացման մասով, ղարաբաղյան շարժումը բնապահպանական միտինգներից է սկսել, հետո դարձել է այն ամեն ինչը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Հլը թող սկսվի այդ խոսակցությունը»:

Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի իշխանությունը Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցում, ինչի մասին շարունակաբար խոսում է Բաքուն։ «Պրակտիկորեն շատ մեծ ճանապարհ պետք է անցնել, որ տենց բան հնարավոր լինի, ես անկեղծ ասած, էսօր նման հնարավորություն չեմ տեսնում», - ընդգծեց ԱԺ նախագահը:

«Երբ դիվանագիտությունը ձախողվում է, ինքնին ուժի կիրառման հարցը գալիս է առաջին պլան»

Չնայած խորհրդարանի ղեկավարը պնդում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում չեն, ընդդմիությունից հակադարձում են՝ պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունները միանգամայն հակառակն են ցույց տալիս։ Ընդ որում, «Պատվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ խնդիրը միայն փակուղային իրավիճակը չէ, այլ այն վտանգները, որ բխում են դրանից։

«Դա փակուղի է, որն իր հետ բերել էր նոր մարտական գործողությունների վերսկսման հավանականության կտրուկ աճին, երբ դիվանագիտությունը և քաղաքական գործընթացը փաստացի ձախողվում է, ինքնին ուժի կիրառման հարցը գալիս է առաջին պլան», - նշեց Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հորդորում է Ալեն Սիմոնյանին հետևել իր իսկ քաղաքական առաջնորդի հայտարարություններին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր օրերս տված ասուլիսում տեղեկացրել, որ Ադրբեջանը հանդես է եկել այնպիսի առաջարկներով, որոնք հատում են իշխանության կարմիր գծերը։ Իսկ դա այլ բան, քան փակուղի գնահատելը, անհնար է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG