Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել։
«Մենք բազմիցս հարթակ ենք տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման համար, այդ թվում անցած տարվա դեկտեմբերին համաձայնություն էր ձեռք բերվել մեր գործընկերների հերթական հանդիպումն անցկացնել Ռուսաստանի տարածքում։ Ջեյհուն Բայրամովը հիշեցրեց, թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Մեր հայ գործընկերները հայտարարեցին, թե չեն կարող մասնակցել այդ միջոցառմանը», - պատմել է Լավրովը՝ ոչինչ չասելով Լաչինի ճանապարհը փակվելու մասին, որի պատճառով Արարատ Միրզոյանը Մոսկվա չմեկնեց։
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, թե հաստատել են նման հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, ադրբեջանական կողմը ևս պատրաստակամություն է հայտնել։ «Հայկական կողմը հայտարարել է, թե առարկություն չունի, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել։ Չեմ կարծում, թե մենք կպնդենք դա, որպեսզի առաջարկենք մեր ծառայությունները։ Այդ առաջարկները երկու կողմերին լավ հայտնի են», - հայտարարել է Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
«Շատ հաճելի է գտնվել արևային ու հյուրընկալ Բաքում», - նշել է Լավրովը։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել են նաև Հարավային Կովկասի իրավիճակն ու եռակողմ հայտարարությունների իրականացումը։
«Քննարկել ենք հետկոնֆլիկտային շրջանի հարցերը և մտքեր ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ կատարված աշխատանքի վերաբերյալ։ Այդ պայմանագրի ստորագրման ակտիվ փուլն արդեն ետևում է։ Ներկա դրությամբ հայկական կողմը խոչնդոտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և մենք տեսնում ենք, որ նրանք նաև հրաժարվեցին մասնակցել բանակցությունների երրորդ փուլին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։