Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն». վարչապետ

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակչության վերադարձի համար Հայաստանի վարչապետն Արտգործնախարարությանը հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց տեղահանված հայերի վերադարձի միջազգային մեխանիզմի գործարկման անհրաժեշտությունը։ Շեշտեց՝ այդ մասին նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում է արձանագրված։ 44-օրյա պատերազմից ավելի քան 2 տարի անց եռակողմ հայտարարության նաև այս կետն իրականություն չի դարձել։

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ասաց նաև, թե Ադրբեջանի տարբեր քաղաքներից, շրջաններից տեղահանված հայեր դիմում են պետական մարմիններին ու խնդրում նաև իրենց վերադարձի հարցը բարձրացնել։ Նշեց, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների փախստականներին, ներքին տեղահանվածներին։

«Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հայաստանի իշխանությունների այս քայլը հաջորդում է Բաքվից հնչող նմանատիպ պահանջին։ Վերջերս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրել էր աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Ադրբեջանցի փախստականներին միավորող ու Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող կազմակերպությունն իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց էլ հյուրընկալել երկրի նախագահին։

Նույն այդ հանդիպմանը Ալիևը հայտարարել էր կազմակերպության գործունեությանն իր անվերապահ աջակցության մասին։ Իլհամ Ալիևն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին այսօր էլ է հիշել Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։ Նա դարձյալ պնդել է, թե Հայաստանում ադրբեջանցիները էթնիկ զտման են ենթարկվել:

«Համաձայն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից մշակված վերադարձի հայեցակարգի՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է հասնել իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնագրի՝ համապատասխան վավերացումներով և երաշխիքային մեխանիզմներով», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն էլ ապահովելու է Ղարաբաղում ապրող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, պնդելով, թե նույն սկզբունքով Հայաստանը պետք է առաջնորդվի։

Մինչ Բաքվից նման՝ հերթական խոստումներ են հնչում, Երևանն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով այսօր ևս բարձրաձայնեց, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում։ Անդրադառնալով ավելի քան 3 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին, կառավարության նիստում Փաշինյանն այսօր անհետաձգելի համարեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

«Խոսքը, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց նաև՝ եթե Ռուսաստանը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի մասին։

«Եվ սա թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին», - ընդգծեց վարչապետը:

Իսկ արդյո՞ք Արևմուտքի հետ չափազանց լարված հարաբերություններ ունեցող Մոսկվան պատրաստ է այդ քայլին, Փաշինյանն այս անգամ էլ չհստակեցրեց:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչությունը լրատվական ֆոն է ստեղծում լայնածավալ հարձակման համար և լարվածության միտումները տեսանելի են տեղում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում հաղորդագրություններ է տարածում, թե հայկական կողմերը խախտել են հրադադարի ռեժիմը, այս պնդումները Երևանն ու Ստեփանակերտը պարբերաբար հերքում են՝ իրենց հերթին հաղորդելով ադրբեջանական կրակոցների մասին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG