Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն ահազանգում է Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի նախապատրաստման մասին


Պաշտոնական Երևանն ահազանգում է Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պահանջներ ներկայացնելու և հերթական ագրեսիայի նախապատրաստման մասին։

Արձագանքելով Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին, Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվամբ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները։

Կրկին խոսելով, «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների» վերադարձի մասին, Ալիևը երեկ Անկարայում հայտարարել էր, թե ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Տարածքային պահանջները նույնպես խնդիրներից մեկն է»

Այն, որ Բաքուն Հայաստանին նաև տարածքային պահանջներ է ներկայացնում, այսօր խորհրդարանում խոսեց նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Բավական է ուսումնասիրել նախագահ Ալիևի ելույթը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում, որ արդեն պատկերացնեք ինչի մասին էր խոսքը գնում, բացեիբաց նշվել էին այդ խնդիրները, որոնց հետ բախվում ենք թե՛ պայմանագրի բանակցությունների, թե՛ հարցի քննարկման ընթացքում: Տարածքային պահանջները նույնպես խնդիրներից մեկն է և հնչում է պարբերաբար, դա այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նոր ֆորմատն է», - ասաց փոխարտգործնախարարը:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում չէր շրջանցել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Պնդելով, թե «Հայաստանը խուսափում է Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից, Ալիևը սպառնացել էր՝ «Հայաստանը դրա համար պետք է պատասխանատվություն կրի»։

Հակադարձելով Ալիևին՝ Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է, որ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր մտացածին պնդումներով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը: Պաշտոնական Երևանի համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Բաքուն նպատակ ունի դիմել լայնածավալ ուժի կիրառման, ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Ադրբեջանն ասում է՝ դե պատերազմում հաղթել եմ, հինգ սկզբունքները ուղարկել եմ, ստորագրեք. Փաշինյան

Ադրբեջանից հնչող հերթական սպառնալիքների ու նորանոր պահանջները էլ ավելի մշուշոտ են դարձնում շուրջ մեկ տարի ընթացող խաղաղության գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն այս շաբաթ տեղի ունեցած ասուլիսում փակագծեր էր բացել, ասելով, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ հայկական առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում և խոսում սպառնալիքի լեզվով։

«Ադրբեջանն ասում է՝ դե պատերազմում հաղթել եմ, թուղթ եմ ուղարկում, հինգ սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք: Եթե 23 թվականին չստորագրեք, ես լայնածավալ հարձակում եմ սկսելու», - նշեց վարչապետը:

«Ավելի հավանական է ռազմական էսկալացիան, քան փաստաթղթի ստորագրումը»

Ո՞ւր են գնում ի վերջո կողմերը, դեպի խաղաղություն, թե նոր ռազմական էսկալացիայի։ Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ ավելի հավանական է ռազմական էսկալացիան, քան փաստաթղթի ստորագրումը։

«Բավականին մեծ վտանգ կա նոր էսկալացիայի և հատկապես Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին կարելի է դատել հետևելով ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններին, պաշտոնական լրահոսին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ինֆորմացիոն հող է նախապատրաստում նոր հարձակման համար Լեռնային Ղարաբաղում», - ասաց Գրիգորյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ խոսում է Արցախում իբրև թե ապօրինի զինված խմբավորումների, Հայաստանից զենք տեղափոխելու մասին, այդ կերպ փորձելով հող նախապատրաստել ռազմական սադրանքների համար։ Բաքվի հնարավոր հարձակումները կանխելու համար, ըստ վերլուծաբանի, պետք է մեծացնել միջազգային ճնշումը, ինչպես նաև ինտենսիվորեն աշխատել Ռուսաստանի հետ։

«Ռուսական կողմի հետ պետք է լուրջ աշխատանք կատարել այն հարաբերությունների սրացումը, որը տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում, պետք է կառավարել, որովհետև այնուամենայնիվ Արցախում գետնի վրա ռուս խաղաղապահներ են գտնվում և ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հետաքրքրված է նույն էսկալացիայով Արցախում, որովհետև դա հարված է լինելու նույն խաղաղապահներին, Ռուսաստանի իմիջին: Այդ առումով պետք է գետնի վրա ռուսների հետ աշխատել, փորձել կանխել այս նոր սադրանքը», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

Ոչ մի նշան, որ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները կվերսկսվեն. Թոմաս դը Վաալ

Ի դեպ, Ադրբեջանի սրվող հռետորաբանությանն է անդրադարձել նաև ղարաբաղյան հարցը ուսումնասիրող բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը, ընդգծելով, որ որ Հայաստանցի ոչ մի ղեկավար չի չի ընդունի Բաքվի պայմանները, անգամ Փաշինյանն, ով անցած տարի բավական հեռուն է գնացել։

«Ոչ մի նշան, որ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները կվերսկսվեն, քանի դեռ Լաչինի ճգնաժամը շարունակվում է։ Այսպիսով սպառնալիքը վերաճում է բռնության», - Թվիթերում գրել է Դը Վաալը։

XS
SM
MD
LG