Մատչելիության հղումներ

Լավրով․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում»


Արխիվ
Արխիվ

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում», - այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նա, սակայն, չի բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։

«Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմը պետք է լիարժեքորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի-10-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչը բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովում է ենթադրում։ Մեր շփումներում մենք փորձում ենք հասնել դրան՝ նախևառաջ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Որևէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի», - նշել է Լավրովը։

Խոսելով Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորության մասին՝ ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը կրկնեց շաբաթներ առաջ Մարիա Զախարովայի հնչեցրած այն պնդումը, որի համաձայն ռուսական կողմն աշխատում է այդ ուղղությամբ։

«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ստեղծել նման հանդիպումները շարունակելու համար։ Ադրբեջանական կողմը դրան պատրաստ է։ Հայկական կողմը ևս հայտարարել է, որ դեմ չէ, սակայն առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, սակայն. «Մենք մեր ծառայությունները շատ համառորեն չենք առաջարկի, թեև կողմերին դրանց մասին քաջ հայտնի է»։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս պնդեց, թե Բրյուսելը Հարավային Կովկասում գործում է ոչ թե «հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ»։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում՝ առաջ մղելով նախևառաջ լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող այս առաքելությունը Հայաստանի տարածքում։ Այդ առաքելությունն ընդհանրապես շատ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության և այն հավելյալ արժեքի տեսանկյունից, որ կարող է ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում։ Բայց դա կողմերի ինքնիշխան իրավունքն է՝ ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ», - ընդգծել է Լավրովը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս այսօր քննադատեց Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը՝ նշելով, որ դիտորդների երկարաժամկետ խմբի տեղակայումը Բաքվին չի կարող չմտահոգել։

«Առաջին [երկամսյա] առաքելության մեկնարկից ի վեր հայկական կողմի դիրքորոշումները բանակցային պրոցեսի բոլոր ուղիներով ավելի ապակառուցողական դարձան։ Ինչ վերաբերում է այդ առաքելության՝ սահուն կերպով երկարաժամկետի վերածվելուն, ապա այստեղ մեր կարծիքն այն է, որ դա տեղի է ունեցել այն պրոցեդուրաների և պայմանավորվածությունների խախտմամբ, որոնք ձեռք էին բերվել հոկտեմբերին Ժնևում։ Երբեմն հայկական կողմից, նաև մասնակից երկրներն են այդ մասին խոսում, մտքեր են հնչում, թե այդ առաքելությունը Ադրբեջանի հետ որևէ կապ չունի, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք դա չենք ընդունում, քանի որ դա վերացական ինչ-որ առաքելություն չէ, դա առաքելություն է, որ տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, այն շոշափում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը։ Բացի այդ, այն հանգամանքը, որ առաջին առաքելության տեղակայումը քննարկվել է Ադրբեջանի հետ, ևս մեկ ապացույցն է այն բանից, որ դա ընդունում էին բոլոր կողմերը», -հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Ասուլիսին ներկա ադրբեջանցի լրագրողներից մեկն, ի դեպ, այսօր Ռուսաստանի ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում մոտ երեք շաբաթ աաջ հնչեցրած այն հայտարարությունը, որի համաձայն ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում նաև նպատակ ունի վստահեցնել Բրյուսելին ,որ Երևանն ու Մոսկվան համատեղ ագրեսիվ գործողություններ չեն ծրագրում։

«Ձեր կողմից մեջբերված Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունները ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին», - ասել է Լավրովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG