«Սարսանգի» մակարդակն օր-օրի նվազում է՝ մեծացնելով ջրամաբարի դատարկման վտանգն ու հարցականի տակ դնելով նույնանուն ՀԷԿ-ի գործունեությունը: Արցախից ահազանգում են՝ վերջին 30 տարվա ընթացքում ջրամաբարի մակարդակն աննախադեպ՝ 25 մետրով է նվազել: Ջրամբարը լցնելու համար, ըստ Արցախի ջրային կոմիտեի նախագահի, առնվազն 2 տարի կպահանջվի։
«Եթե խոսենք օգտակար ծավալի մասին, 60 տոկոսից ավելին արդեն իսկ օգտագործված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:
Նա նշում է՝ հունվարի 9-ից Արցախում հոսանքի մեծ մասն ապահովող «Սարսանգի» ՀԷԿ-ի գերծանրաբեռնվածությունն է պատճառը. որքան հոսանքի արտադրության ծավալներն ավելանում են, էլ ավելի շատ ջուր է դրա համար պահանջվում։ Հայաստանից Արցախ մտնող բարձրավոլտ էլեկտրագծի վթարի պատճառով բնակիչները արդեն մեկուկես ամսից ավելի է՝ տեղական հոսանք են սպառում, այն էլ պարբերական անջատումներով։
Տեղական մյուս ՀԷԿ-երն ամբողջական հզորությամբ չեն գործում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի հիդրոէլեկտրակայանների մեծ մասը՝ 30-ը, Ադրբեջանի վերասկողության տակ են մնացել։
«Ունենք աշխատող նաև 5 հատ փոքր ՀԷԿ, որոնք, սակավաջուր ժամանակ է հիմա՝ հունվար, փետրվար ամիսները, և աշխատում են իրենց հզորության ընդամենը 20 տոկոսի չափով։ Հիմնական ծանրաբեռնվածությունը «Սարսանգի ՀԷԿ-ի վրա է», - նկատեց Գեորգի Հայրիյանը։
Արցախի ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ այժմ ավելի շատ ջուր է օգտագործվում «Սարսանգից», քան մտնում է ջրամբար: Իսկ հոսանքի արտադրությունը հենց ջրամբարում առկա ջրի քանակից է կախված. «Եթե խնդիրը չլուծվի, այսինքն՝ չվերականգնվի Հայաստանից եկող օդային գիծը, մենք չենք կարողանալու թեկուզ ամռան ամիսներին ունենանք բավարար չափով էլեկտրաէներգիա, չնայած սպառումը շատ նվազ է, իսկ խոսք չկա 23-24 թվականների ձմեռվա մասով»:
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում «Սարսանգ» ՀԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացրել է ավելի քան երկուսուկես անգամ, ասում է ՀԷԿ-ի պետ Գրիգոր Գրիգորյանը։
«Եթե 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրել ենք 10,3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա այս վիճակում մենք հիմա կարտադրենք, փետրվարի վերջի տվյալներով, 27,5 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա», - ասաց Գրիգորյանը:
Անցած շաբաթավերջին Ստեփանակերտից հայտնեցին՝ հանդիպել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, պայմանավորվածություն ձեռք բերել, այդ թվում՝ Շինուհայր-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։
Չնայած պայմանավորվածությանը՝ Հայաստանից Արցախ հոսանքի մատակարարումը չի վերականգնվել, հայ մասնագետները դեռ չեն կարողացել մոտենալ բարձրավոլտի վթարված հատված, տեղեկացնում են «Արցախէներգոյից»:
Մինչ այդ Արցախից զգուշացնում են՝ այս իրավիճակի հետևանքները նաև ադրբեջանական կողմում են զգալու. հարակից ադրբեջանական գյուղերը, որ պատերազմից հետո ոռոգման ջուր էին ստանում «Սարսանգից», 2023-ին այդ հնարավորությունը չեն ունենա։ «Սարսանգը» հայկական կողմում ոռոգման համար չեն օգտագործում։ Ոռոգման ենթակառուցվածքներն ադրբեջանական կողմում են։
«Պայմանավորվածություններ են եղել տարվա համար, և այդ պայմանավորվածությունները իրենց ցանկությունների 50-40 տոկոս նայած երբ, որ ժամանակահատվածում բավարարում էինք, որպեսզի ջրերը իրենց մոտ ոռոգում իրականացվեր, իհարկե մեր առաջնահերթը միշտ մնում էր, որ ջուրը պիտի նիշը բարձր պահենք, որ կարողանանք հոսանք արտադրել ձմեռվա համար», - նշեց Գեորգի Հայրիյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում նաև «Սարսանգի» ՀԷԿ-ի մասով: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե Հայաստանը «անօրինական շահագործել է ոչ միայն այդ հիդրոէլեկտրակայանը, այլև մյուս ՀԷԿ-երը, արտադրված հոսանքն էլ արտահանվել է Հայաստան»։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարի հետ ասուլիսում անդրադարձավ ընդդեմ Հայաստանի հայցին՝ կրկին մեղադրանքներ հնչեցնելով Երևանի ուղղությամբ։ Պաշտոնական Երևանն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել։