Մոսկվան հաստատում է` նախագահ Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ «նախատեսվում է քննարկել եռակողմ ու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը»:
«Մեզ չեն կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ հավաքող մտահոգիչ միտումները, ուր Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը: Մարիա Զախարովան ծավալուն անդրադարձել է հատկապես Հայաստանի շուրջ զարգացումներին, պնդելով, թե հայ֊ռուսական «դարավոր կապերին վնասելու համար տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր են ձեռնարկվում», սակայն իրենք վստահ են, որ «Երևանին և Մոսկվային գժտեցնելու այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվելու»:
Զախարովան ընդգծել է` Մոսկվան վճռական է ամրապնդել ռազմավարական դաշնակցությունն ու բազմակողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որպես օրինակ նշելով` կողմերի միջև զարգանում է երկխոսությունը ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական ուղղություններով, առևտրաշրջանառությունն աճում է աննախադեպ տեմպերով, տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ պատրաստ են առաջիկայում ևս ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում: Զախարովան, սակայն, որևէ բան չի ասել Հայաստանին հուզող ամենակարևոր հարցի` Ռուսաստանից այժմ ակնկալվող ռազմական աջակցության մասին, փոխարենը պնդել է, թե «անհիմն են մեղադրանքները, իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի անվտանգության հարցում ստանձնած պարտավորությունները»:
«Ցանկանում ենք հիշեցնել` մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Ըստ ՌԴ արտգործնախարարության, արտաքին ուժերը փորձում են հասնել ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերմանը Ղարաբաղից, ինչը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասը։ «Հաշվի չի առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունը, ոչ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներն են, այլ ինքնագովազդը և Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը», - ասել է Զախարովան՝ հավելելով. ֊ «Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը»։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել` արդյոք տարածաշրջանի «ողջ բնակչություն» ասելով նկատի ունի Ղարաբաղի հայերին: Միայն պնդել է, թե Արևմուտքի այդ փորձերը կարող են խախտել հավասարակշռությունը, «որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»։
Ըստ Զախարովայի, Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ` ի շահ նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման, այդ թվում` հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ: «Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը` առանց հավելյալ մանրամասների:
Այսօր նաև Կրեմլի խոսնակն է անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպելու` նախագահ Պուտինի նախաձեռնությանը: «Նման գագաթնաժողով նախապատրաստվում է, դրա անցկացման վայրի և ժամկետի մասին Կրեմլը հավելյալ տեղեկություններ կհաղորդի», - ասել է Դմիտրի Պեսկովը: Մինչ այդ, ռուսական «Վեդոմոստի» պարբերականն այսօր գրել էր, թե եռակողմ հանդիպումը նախատեսված է այս ամսվա վերջին: Հայաստանի կառավարությունից չէին հերքել, բայց և չէին հաստատել այս տեղեկությունը:
Այս պահին միայն հստակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում։
Արևմտյան միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիևը ևս համաձայնել էին հանդիպել Եվրամիության մայրաքաղաքում նոյեմբերին, կոնկրետ օրը, սակայն, դեռևս հստակ չէ: