Բաքուն անընդունելի է որակում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունները՝ պնդելով՝ Ելիսեյան պալատի ղեկավարը անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը համոզմունք է հայտնում, թե Ադրբեջանի դեմ նախագահ Մակրոնի հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը ծավալուն հայտարարության մեջ Ֆրանսիայի ղեկավարին մեղադրել է «կողմնակալ» լինելու, «Հայաստանին բացահայտ պաշտպանելու», «30 տարի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտման» վրա աչք փակելու համար։
«Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշումն ու անհիմն մեղադրանքները մեզ ստիպում են վերանայել այդ երկրի միջնորդական ջանքերը»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար՝ պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - մասնավորապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ արձագանքելով՝ ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Մակրոնի հայտարարությունն՝ ասելով, թե Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունը՝ պնդելով՝ «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։