Մատչելիության հղումներ

Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն. Զախարովա


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն թվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ առանց հստակեցնելու Մոսկվային չգոհացնող մոտեցումների էությունը։

Մինչդեռ, ինչպես շարունակել է դիվանագետը, Մոսկվայի մոտեցումը շատ հստակ է։

«Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման», - ընդգծել է Զախարովան՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են դեպի շոշափելի դրական արդյունքների՝ իրավիճակի կայունացման, և դրա համար ենք մենք միջնորդական դեր կատարում։ Ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման և կնքման համար և, որ ամենակարևորն է, միտված ենք դրանց իրականացմանը»։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սեփական առաջարկները։

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք մեր դաշնակիցներն են, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին»,- ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

XS
SM
MD
LG