Ֆրանսիայի նախագահը պնդել է, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ - ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: Այդ մասին Էմանյուել Մակրոնն ասել է երեկ` France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մոսկվան բացարձակ անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ պնդելով, թե դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը ետխորհրդային այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին:
«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:
Մարիա Զախարովան պնդել է, թե Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում:
«Ռուսաստանի մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են տապալման»,- պնդել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:
44֊օրյա պատերազմից հետո Ֆրանսիայի նախագահը առավել ակտիվ դեր է ստանձնել տարածաշրջանում` մի քանի հանդիպում ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: Վերջինը անցած շաբաթ էր, Պրահայում` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ: Քառակողմ այս հանդիպումից հետո Եվրամիությունը որոշեց փաստահավաք առաքելություն ուղարկել Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելու, սահմանազատմանն աջակցելու համար: Երկու օր առաջ ԵՄ դեսպանները հավանություն տվեցին այդ առաջարկին, այսօր արդեն Երևան է ժամանում հատուկ տեխնիկական խումբ` դիտորդների տեղակայման վայրերն ու չափորոշիչները ճշտելու համար, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Ըստ «Ազատության» տեղեկությունների, եվրոպական առաքելության կազմում կլինի մինչև 50 անզեն դիտորդ, թե որ երկրներից` առայժմ հայտնի չէ: Սա կլինի Միության երկրորդ նման առաքելությունը Հարավային Կովկասում. 2008-ի ռուս ֊ վրացական կարճատև պատերազմից հետո էլ Բրյուսելը 200 դիտորդ էր ուղարկել Վրաստան, որոնք 24-ժամյա պարեկություն են իրականացնում` հատկապես Հարավային Օսիայի և Աբխազիայի վարչական շրջանների սահմանների մոտ:
Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործում է արդեն 14 տարի, Հայաստանում, ըստ նախնական համաձայնության, խումբը կմնա առավելագույնը երկու ամիս: Փաստացի` մինչև տարեվերջ, երբ ըստ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, կողմերը պետք է ավարտեն սահմանի դելիմիտացիան և խաղաղության պայմանագիր կնքեն: