Հայաստանի և Արդբեջանի ղեկավարներն այսօր, ինչպես և երեկ, մասնակցում էին նույն միջոցառմանը՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում, որտեղ ավանդական գագաթնաժողովի շրջանակներում հավաքվել են ԱՊՀ անդամ երկրների առաջնորդները։
Օրն առանձնահատուկ է հատկապես Վլադիմիր Պուտնիի համար, որն այսօր 70-ամյա հոբելյանն է նշում։
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Անվիճելի համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ռուսաստանի նախագահի ջանքերը՝ Փաշինյանն իր ուղերձում շեշտել է, որ ակնկալում է «կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»:
Ի՞նչ ձևաչափ են ունեցել Ռուսաստանի նախագահի շփումները Հայաստանի և Արդբեջանի ղեկաարների հետ, դեռ հայտնի չէ։ Ակնհայտ է սակայն, որ Փաշինյանը և Ալիևը Պուտինին ներկայացրել են երեկ Պրահայում կայացած բանակցությունների, դրանց արդյունքում ընդունված հայտարարության դետալները։
Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր, թե հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև այս տարեվերջ։ Ի՞նչ է նշանակում սա Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության համար, և արդյո՞ք Մոսկվայի հետ այս հարցը քննակվել է, հայտնի չէ։
Երեկ մինչ Պրահայում Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հանդիպում էր Ալիևի հետ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն թվում, առանց հստակեցնելու թե ինչ նկատի ունի։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ նաև հավելել էր, թե Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի սեփական առաջարկները՝ կրկին չմանրամասնելով, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, պաշտոնյաների առաջիկա ամիսների շփումները կրկին նախատեսված են Բրյուսելում։ Արդյո՞ք Մոսկվան կփորձի իր օրակարգը նախաձեռնել, գոնե հրապարակային հայտարարություններ մինչ այս պահը չեն արվել։
Մինչ այդ Կոնստանինյան պալատում արդեն կայացել է ԱՊՀ գագաթնաժողովի ոչ պաշտոնական հավաքը, որի ընթացքում Պուտինը հետխորհրդային տարածքում պարբերաբար սրացող հակամարտությունների մեջ մեղադրել է Արևմուտքին։
Ռուսաստանի նախագահը իր այս խոսքում ողբերգական է անվանել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները. - «Բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև»։
ԱՊՀ առաջնորդներին Պուտինը կոչ է արել միջոցներ ձեռնարկել այդ հակամարտությունները կարգավորելու համար։
Պուտինի այս կոչը հավանաբար ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղըզստանի ղեկավարներին։ Ի դեպ, վերջինս Սանկտ Պետերբուրգում ասօր տեղի ունեցած հավաքին չի մասնակցել՝ հայտարարելով, թե խիստ զբաղված է։