Մատչելիության հղումներ

Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ռուսաստանի հասցեին Մակրոնի հայտարարությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունն՝ ասելով, թե Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում:

Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար:

«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:

Արձագանքելով՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անընդունելի էր որակել Մակրոնի հայտարարությունը՝ պնդելով՝ «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։

XS
SM
MD
LG