Երեկ մեկնարկեց նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին ուղևորությունը Մերձավոր Արևելք։ Օրակարգում Իրանի միջուկային տերություն դառնալու կանխարգելմանն ուղղված բանակցություններն են, Իսրայել-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը և համաշխարհային շուկա Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալների ավելացումը։
Բայդենի առաջին կանգառը Իսրայելն է, որտեղ նրա եռօրյա հանդիպումների և բանակցությունների օրակարգի կարևորագույն հարցերից է Իրանի արագ զարգացող միջուկային ծրագիրը։ Օդանավակայանում Բայդենին դիմավորել են Իսրայելի նախագահն ու վարչապետի ժամանավոր պաշտոնակատարը։ Հենց օդանավականում Միացյալ Նահանգների նախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել։
«Այս հզոր երկիր վերադառնալու յուրաքանչյուր հնարավորություն, որտեղ հրեա ժողովրդի հնագույն արմատները գալիս են աստվածաշնչյան ժամանակներից, օրհնություն է։ Իսրայելի ժողովրդի և ամերիկյան ժողովրդի միջև կապը խորն է, և սերնդեսերունդ այդ կապն աճում է», - ասել է ԱՄՆ նախագահը:Վերլուծաբանների համոզմամբ, Բայդենը Մերձավոր Արևելք է ժամանել տարածաշրջանի ամենաբարդ ու չհանգուցալուծված կոնֆլիկտների հանգուցալուծման մասին շատ քիչ ասելիքով։
Բրիտանական Economist-ը մասնավորապես նկատում է, որ նրա եռօրյա այցը Իսրայել և Պաղեստին ավելի շատ արարողակարգային բնույթ ունի, որը ընթանում է ձեռքսեղման արարողություններով և մի քանի տեսարժան վայրեր այցելություններով։ Բայց դժվար է Բայդենին մեղադրելը, գրում է հեղինակավոր պարբերականը, թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիները գտնվում են քաղաքական ցնցումների մեջ, ու եթե անգամ ԱՄՆ-ի նախագահը ցանկանար ընկղմվել խաղաղ գործընթացի մեջ, նրան ոչ ոք չէր միանա:
Բայդենին այս այցելության ընթացքում հյուրընկալում է Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կենտրոնամետ Յաիր Լապիդը։ Երեկ նա արդեն այցելել է Հոլոքոսթի հուշահամալիր, ծանոթացել իսրայելական նոր հրթիռային պաշտպանության համակարգին։ Նախագահ Բայդենը կարճ հանդիպում կունենա նաև նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որն այժմ ընդդիմության առաջնորդն է և նոյեմբերին հույս ունի վերադառնալ իշխանության։
Պաղեստինցիներն այս ուղևորության ժամանակ շատ ավելի քիչ ուշադրության կարժանանան։ Ջո Բայդենը հուլիսի 15-ին կարճատև այց կկատարի Բեթղեհեմ և կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին։ Բայդենը, հավանաբար, նաև 100 միլիոն դոլարի օգնություն կկհատկացնի Արևելյան Երուսաղեմի հիվանդանոցներին:
Նախագահ Բայդենի մերձավորարևելյան ուղևորության ամենառանցքային կետը Բայդենի՝ Թել Ավիվից առաջին ուղիղ թռիչքն է դեպի Սաուդյան Արաբիայի առևտրային մայրաքաղաք Ջիդդա, որը, ըստ փորձագետների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է։
Բայդենը, հավանաբար, կոչ կանի Սաուդյան Արաբիային՝ կարգովորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչպես նաև՝ որպես ռուսական նավթի այլընտրանք, ավելացնել նավթի արդյունահանման ծավալները համաշխարհային շուկա, որը կնպաստի ԱՄՆ-ում հասունացող ճգնաժամի կանխարգելմանը՝ չեզոքացնելով նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների սպառնալիքները։Ուղևորության ամենաանկխատեսելի պահը Բայդենի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ հավանական հանդիպումն է։
Փորձագետները փաստում են, որ ԱՄՆ-ի նախագահները տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ։ Բայդենը մինչդեռ հրաժարվում էր խոսել թագաժառանգի հետ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր և մշտապես քննադատել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ թագաժառանգի կողմից։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ չի մեկնում Ջիդդա արքայազն Սալմանին հանդիպելու համար, այլ մասնակցելու է ավելի ընդլայնված ձևաչափով հանդիպումների՝ Պարսից ծոցի վեց երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի առաջնորդների հետ։ Բայդենի և Սաուդյան Արաբիայի դե ֆակտո առաջնորդի հանդիպումը, սակայն, չի բացառվում։