Պաշտոնական երկօրյա այցով Իսրայել է ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Իսրայելում ԱՄՆ նախագահը մտադիր է իշխանությունների հետ քննարկել տարածաշրջանում կայունության պահպանմանը, Մերձավոր Արևելքում միջազգային քաղաքականությանը Իսրայելի ինտեգրմանը վերաբերող հարցեր, Իրանի դիրքերի ամրապնդմանը դիմակայելու քայլերը, ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնությանը և ռուսական ագրեսիայի դեմ միասնական պայքարին առնչվող հարցեր։
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ վաղը Ջո Բայդենը և վարչապետ Յաիր Լապիդը կստորագրեն «Երուսաղեմի հռչակագիրը», որը կընդգծի ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու բարգավաճմանը: Հռչակագրում ամրագրվելու է, որ Իսրայելն իրավունք ունի ինքնուրույն պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից:
Իսրայել կատարած այցի շրջանակներում Սպիտակ տան ղեկավարը պլանավորում է այցելել նաև Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքներ, որտեղ նախատեսված է հանդիպում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։
Իսրայելից Բայդենը կուղևորվի Սաուդյան Արաբիա՝ թագավորության իշխանությունների հետ հանդիպելու նպատակով։
Սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին մերձավորարևելյան ուղևորությունն է։