Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ, Վաշինգտոն, մայիս, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ, Վաշինգտոն, մայիս, 2022թ.

Ըստ վերլուծաբանների՝ Եմենում պատերազմն ավարտելու և նավթի համաշխարհային գների իջեցմանն ուղղված ջանքերն են նախագահ Ջո Բայդենին դրդում վերանայել Սաուդյան Արաբիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Նախագահ Ջո Բայդենը օրերս զարմացրեց շատերին՝ հայտարարելով իր մերձավորարևելյան ուղևորության մասին, որը հավանաբար տեղի կունենա հուլիսին։ Բայդենը, ամենայն հավանականությամբ, կայցելի Սաուդյան Արաբիա, Իսրայել և այլ երկրներ:

«Թույլ տվեք ձեզ հայտնել, որ ես փորձում եմ ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում ավելի շատ կայունություն և խաղաղություն բերելու համար: Եվ հավանական է, որ իմ տարածաշրջանային այցելության ընթացքում ես միաժամանակ այցելեմ ինչպես Իսրայել, այնպես էլ որոշ արաբական երկրներ, այդ թվում նաև՝ Սաուդյան Արաբիա... եթե, իհարկե, այցելեմ։ Այս պահին հստակ պլաններ չունեմ», - հայտարարել է Բայդենը:

Փորձագետները փաստում են, որ ԱՄՆ-ի նախագահները տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ։ Բայդենը, սակայն, արտառոց անկեղծությամբ մշտապես քննադատել է այդ երկրում մարդու իրավունքների խախտումները, հատկապես՝ երկրի թագաժառանգ արքայազնի իրականացրած խախտումները:

Բրուքինգս հաստատության վերլուծաբան Բրյուս Ռիդելն ասում է. -
«Մարդիկ ապշած են, քանի որ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շատ կոշտ էր քննադատում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին՝ մի քանի տարի առաջ Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կազմակերպման մեջ նրա մասնակցության համար: Այն ժամանակ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նա Սաուդյան Արաբիային որպես մերժված պետության կվերաբերվի»։

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները փաստել էին, որ թագաժառանգը դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգներում բնակվող, The Washington Post-ի սյունակագիր Խաշոգջիի սպանության կազմակերպման գործում: Բեն Սալմանը հերքել էր այդ մեղադրանքները։

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ վերջին մեկ տարում զգալի առաջընթաց է գրանցվել։ Փրայսը հիշատակել է Եմենի հումանիտար զինադադարը։

«Այդ հարաբերությունները այժմ կայուն հիմքերի վրա են: Այդ հարաբերությունները մեզ թույլ են տալիս առաջ տանել և պաշտպանել մեր շահերը՝ շարունակելով առանցքային ու առաջնահերթ տեղ տալ այն արժեքներին, որոնք կիսում ենք աշխարհի այլ երկրների հետ», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Փորձագետ Բրյուս Ռիդելի համոզմամբ՝ Եմենում ընթացող պատերազմին, տառապանքներին և սովին վերջ դնելը նախագահ Բայդենի համար կարևոր առաջնահերթություն է:

«Ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերություններում, քան այս գործընթացի շարունակությունը, որի արդյունքում քաղաքական լուծման միջոցով վերջ կդրվի այս պատերազմին: Բառացիորեն նախագահը կարող է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր, եթե կարողանա պահպանել այս զինադադարը, իսկ այնուհետև հասնել հակամարտության քաղաքական լուծման», - կարծում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ռիդելը:

Գերմանական Մարշալ հիմնադրամի փորձագետ Ջոնաթան Կացի համոզմամբ էլ՝ գազի թանկացման պատճառով ԱՄՆ-ում առկա լարվածությունը մեկ այլ, չափազանց կարևոր պատճառ է Բայդենի համար՝ վերանայելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները։

«Դե, նախագահը, իհարկե, ավելի շատ կկենտրոնանա արդյունահանման վրա, որպեսզի Սաուդյան Արաբիան մեծացնի իր արդյունահանման ծավալները համաշխարհային շուկայի պահանջները բավարարելու համար այն ժամանակ, երբ տեսնում եք, թե որքան է բարձրացել նավթի մեկ բարելի գինը», - կարծում է Կացը:

Ըստ փորձագետների, սակայն, նույնիսկ Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ինքնուրույն իջեցնել նավթի գները, քանի որ եվրոպական երկրները կրճատում են Ռուսաստանից իրենց գնումները, ինչի հետ մեկտեղ նվազում է ռուսական նավթի արտահանումը։

XS
SM
MD
LG