Իրանի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին նոյեմբերի 11-ից 20-ը մեկնում է Մերձավոր Արևելք:
Ուղևորության ընթացքում Մալլին կացելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Բահրեն:
Պետական դեպարտամենտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Մալլին համակարգելու է «Իրանին առնչվող մի շարք մտահոգիչ խնդիրների, այդ թվում` միջուկային գործարքի վերականգնման շուրջ քննարկումները»:
Պայմանագիրը 2015 թվականին Իրանը կնքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ, որոնց միացել է նաև Գերմանիան:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին չեղարկել է իր երկրի մասնակցությունը միջուկային պայմանագրին: Նրան նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է որևէ ձևաչափով վերականգնել այդ պայմանագիրը:
Պայմանագրի վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է նոյեմբերի 29-ին Վիեննայում: