Պաշտոնական Թեհրանը հերքում է Վաշինգտոնից հնչող այն պնդումները, որոնց համաձայն, նախորդ շաբաթ Քաթարում Իրանի և Միացյալ Նահանգների միջև, ԵՄ նախաձեռնությամբ կայացած միջնորդավորված բանակցությունների տապալման գլխավոր պատճառը իրանական պատվիրակության ներկայացրած հավելյալ պահանջներն էին։
«Չնայած մամուլում շրջանառվող ամերիկյան այն պնդումներին, թե մենք իբր պահանջներ ենք ներկայացրել, որոնք դուրս են միջուկային համաձայնագրի շրջանակներից, ես պետք է նշեմ՝ նման բան չկա։ Մեր պահանջները ամբողջությամբ 2015 կնքված համաձայնագրի նախանշած սահմաններում են», - հայտարարում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։
Իրանական դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունը հնչեց Թեհրան ժամանած Քաթարի արտգործնախարար Մոհամեդ Ալ-Թանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, Քաթարի արտգործնախարարի այցի նպատակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ փակուղում հայտնված բանակցություններին ևս մեկ լիցք հաղորդելն էր։
Իրանի մայրաքաղաքում հնչած այս հայտարարություններից ժամեր առաջ Թեհրանի ներկայացրած հավելյալ պահանջների մասին խոսել էին թե՛ Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին, և թե՛ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Իրանը հետևողականորեն կողմնակի պահանջներ է ներկայացնում՝ պահանջներ, որ չեն վերաբերում 2015-ին կնքված համաձայնագրին։ Այդ պայմանագիրը միայն մեկ թեմային է վերաբերում՝ Իրանի միջուկային ծրագրին և հավելյալ, համաձայնագրի նեղ շրջանակից դուրս եկող պահանջներ ներկայացնելը վկայում է Իրանի կողմից լրջության, հանձառությունների պակասի մասին՝ մի բան, որի ականատեսը դարձան Դոհա մեկնած մեր բանակցային թիմի անդամները», -հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։
Արևմտյան դիվանագիտական շրջանակները պնդում են, որ Իրանի ներկայացրած գլխավոր պահանջներից մեկը երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան սև ցուցակից դուրս բերելն է։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ սակայն Թեհրանի թիվ մեկ պահանջը այլ է՝ հստակ երաշխիքներ ներկայացնել առ այն, որ նոր կնքվելիք պայմանագիրը չի կրկնի 2015-ին ստորագրված փաստաթղթի ճակատագիրը և ամերիկյան հաջորդ վարչակազմը, Թրամփի օրինակով, չի որոշի այն կրկին չեղարկել։
«Ամերիկյան կողմը պետք է երաշխավորի, որ Իրանը հստակ օգուտներ է քաղելու 2015 թվականի պայմանագրի վերագործարկումից։ Մինչ այս պահը ամերիկյան կողմը նման երաշխիքներ տրամադրել ի վիճակի չի եղել», - հայտարարում էր Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։