Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հավելյալ զորքեր կուղարկի Սաուդյան Արաբիա


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ

Միացյալ Նահանգները հավելյալ բանակային ստորաբաժանումներ կուղարկի Սաուդյան Արաբիա` այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը ուժեղացնելու նպատակով: Այդ մասին անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը:

«Արձագանքելով թագավորության խնդրանքին` նախագահը հավանություն է տվել [Սաուդյան Արաբիայում] ամերիկյան հավելյալ զորքերի տեղակայման որոշմանը: Այդ ստորաբաժանումները իրենց բնույթով պաշտպանական են լինելու և հիմնականում կենտրոնանալու են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության խնդիրների վրա: Մենք նաև աշխատում ենք Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ ամերիկյան ռազմական սարքավորումների առաքումներն արագացնելու ուղղությամբ: Այդ մատակարարումները կմեծացնեն երկու երկրների ինքնապաշտպանական կարողությունները», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարը:

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը Մերձավոր Արևելք ամերիկյան նոր ստորաբաժանումներ ուղարկելու խնդրանքով դիմել էր երկրի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ սեպտեմբերի 14-ին իրականացված հարձակումներից հետո:

XS
SM
MD
LG