Մատչելիության հղումներ

Գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ ո՛չ ՌԴ դեսպանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեցին


«Ռուս խաղապահնե՛ր, որտե՞ղ եք եղել 2020 թվականի դեկտեմբերի 13-ին», «Ազատություն բոլոր գերիներին», «Վերադարձրե՛ք մեր որդիներին Բաքվի բանտերից», այսպիսի պաստառներով Խծաբերդի դիրքերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց էին հավաքվել։ Նրանք պահանջում էին հանդիպում դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ հասկանալու, թե ռուսական կողմն ինչ քայլեր է ձեռնարկում իրենց որդիներին վերադարձնելու համար։

«Նոր փոխանցեցին, որ յանի տեղում չէ։ Մենք էլ էնքան կսպասենք կամ էլ ուրիշ քայլերի կդիմենք, մինչև գան, գան, մեր հարցին պատասխան տան: Ռուսն է եղել մեր խաղաղապահը, ռսի քթի տակից են տարել մեր երեխաներին, ամսի 13-ին ռուսն ո՞ւր է եղել, պատերազմից հետո է եղել, իրենց խաղաղապահը բա որտե՞ղ է եղել, ի՞նչ եղավ` հացի պոստը տանում-բերում էին, բայց չէի՞ն տեսնե, քո՞ռ էին», - հարցնում է հարազատներից մեկը:

«Երեխեքին տվին էժանով, հիմա էլ թող թանկով բերեն, ռուսը կբերե, ֆրանսիացին կբերե, ամերիկացին կբերե, մեզի համար տարբերություն չկա», - ասում է ներկաներից մյուսը:

«Եթե Պուտինն ի վիճակի է պատերազմը դադարեցնելու, ուրեմն ինքը ի վիճակի է նաև բերելու: Մենք կխնդրենք Պուտինին` ջանք չխնայեք, մեր կառավարության անդամներ, իշխանությունների հետ ինչ հնարավոր է, թող անեն», - ասում են նրանք:

Հարազատները 15 րոպե ժամանակ տվեցին, որ իրենց պահանջը կատարվի։ Սակայն դեսպանատնից այդպես էլ չարձագանքեցին։ Ծնողները վրդովվեցին ու որոշ ժամանակ փակեցին դեսպանատան մուտքը։ Ոստիկաններն ուժով բացեցին մուտքը։

Գերեվարված պահեստազորայինների հարազատներն անորոշության մեջ են՝ ե՞րբ են վերադարձվելու իրենց որդիները, հարցի պատասխանն արդեն մեկուկես տարուց ավելի ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ այլ գերատեսչությունից չեն ստանում. «4 րոպե խոսում ենք, լավ ենք, առողջականս լավ է, բայց ես տեսնո՞ւմ եմ, որ ինքը իր առողջականը լավ է»:

«Տարիուկես անընդհատ գլուխդ բարձիդ դիր ու զարթնի, կզարթնե՞ս, ձեր երեխեքը երկու օր ձեր կողքը չլինեն, դուք ի՞նչ կենեք: Ո՛չ ավտո կուզենք, ո՛չ պաշտոն, մեր ծնողների ուզածը մեր երեխեքն են, բերեք»:

Ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտից գնացին կառավարության շենք, ակնկալում էին վարչապետ հետ հանդիպում։ Մի քանի ժամ կառավարության դիմաց մնալուց հետո, նրանք հեռացան. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում տեղի չունեցավ։

«Ուղղակի մենք մայրերով ուզում ենք հանդիպել, տեսնենք` ինչ ակնկալիք ունի ինքը, ինչ խոսք ունի մեզ ասելու: Սպասել ենք տարի 7 ամիս, տեսնենք` ինչ կարող է ասել հետագայի համար», - ասաց կանանցից մեկը:

Հադրութի շրջանի Խծաբերդի դիրքերից գերի ընկած 62 զինծառայողներից կեսը Բաքվից վերադարձվել է, կեսն էլ դեռ մնում է ադրբեջանական բանտերում։ Երկուշաբթի օրն առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով հարազատներից մեկի հարցին` վարչապետն ասել էր, որ այս պահին եղած գերիների մեծ մասը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է գերեվարվել։ Այս հայտարարությունից հետո շիրակցի գերիների հարազատները երեկ հավաքվել էին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց:

Այնտեղ նրանց հյուպատոսն էր ընդունել, հարազատներն իրենց հարցերի պատասխանը դիվանագետից չէին ստացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG