Մատչելիության հղումներ

«Մեր եղբայրներն էլ են լավ, իրանք էլ կգան». գերությունից վերադարձած Անդրանիկ Մանուկյան


Տիկին Ռուզաննան 7 ամսվա տառապանքից ու տանջալից սպասումից հետո գերությունից վերադարձած մինուճար որդուն պինդ գրկել ու բաց չէր թողնում։ Աչքերին չէր հավատում, որ տղան վերադարձել է:

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում մեծից փոքր երեկ դիմավորում էին Բաքվի բանտից վերադարձած երկու ռազմագերիներին՝ Անդրանիկ Մանուկյանին ու Յուրի Կարապետյանին։

Անդրանիկն ու Յուրին շիրակցի տասնյակ մյուս պահեստազորայինների հետ պատերազմից հետո այն ժամանակ հայկական վերահսկողության ներքո գտնվող Խծաբերդի մոտ էին գերեվարվել, շաբաթ երեկոյան նրանցից 15-ը Հայաստան վերադարձավ։ Հայրենադարձմանը նախորդել էր Բաքվի ռազմական դատարանի անակնկալ վճիռը՝ վեց ամսվա ազատազրկում, որը տղաները արդեն գերության մեջ կրել էին։

Դատավճիռն անակնկալ էր, քանի որ դատախազը ավելի վաղ ռազմական ծանր հանցագործությունների համար մեղադրվող հայ ռազմագերիների համար 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում էր պահանջել։ Դատավճռից ժամեր անց պարզվեց, որ Երևանը Բաքվին է հանձնել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Անդրանիկը, սակայն, վեց ամսվա ազատազրկման դատապարտվածների մեջ չէր։ Նրան և ևս երկու պահեստազորայինի ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի միջնորդությամբ էին ընդգրկել հայրենադարձվողների ցուցակի մեջ։

Բաքվի բանտում յոթ ամիս անցկացրած 31-ամյա Անդրանիկը դեռ կարոտն է հարազատներից ու տնից առնելու, հետո կորոշի՝ ինչպես շարունակել կյանքը:

«Հլը որ տնիցս կարոտս առնեմ, մնացածն՝ առաջ Աստված, Աստված ինչ որ կամեցավ, լավ կլինի», - ասաց Անդրանիկը:

Տան բակում սեղան էին բացել, համագյուղացիներով հավաքվել՝ Անդրանիկի հարազատներին աչքալուսանք տալու։

Գերությունից վերադարձած երիտասարդը չցանկացավ խոսել ոչ գերեվարման, ոչ էլ Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին: Իսկ թե ինչպես եղավ, որ հայտնվեց հայրենիք վերադարձողների ցանկում, չմանրամասնեց: Վստահ է՝ բոլորն էլ շուտով տուն կվերադառնան։

«Աչքերս լույս լինի, որ եկել-հասել ենք մեր երկիր, մեր հող, տարոսը լինի մեր մնացած եղբայրներին, իրանք էլ կգան, լավ կլինի, թե ոնց եկանք, ոնց չեկանք, դա հարցի երկրորդ կողմն է, դա ով որ պետք է կասի՝ ոնց ենք եկել: Մենակ կարամ ասեմ, որ մեր եղբայրներն էլ են լավ, մեր եղբայրներն էլ կգան ու շուտ կսպասենք իրանց, որ գան: Զգում ենք, որ հետևող կա, հետևողական են այդ ամեն ինչին ու վստահ եմ, որ շատ շուտ կլինի այդ ամեն ինչը, իրանք էլ գիտեն, որ սպասում ենք իրանց», - նշեց Անդրանիկը:

Անդրանիկի հորեղբոր որդին՝ Սուրենը, որն ամիսներ շարունակ մյուս գերիների հարազատների հետ տարբեր դռներ էր թակում, բողոքի ակցիաներին մասնակցում, ասում է՝ երբեմն հուսահատվել են, բայց հույսը չեն կորցրել, որ տղաները կվերադառնան: Որ հայրենիք վերադարձող այս խմբի մեջ նաև Անդրանիկը կլինի, բոլորի համար անակնկալ է եղել:

«Գալն անակնկալ է եղել, չենք իմացել ոչ մեկս, բայց ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, խաղաղապահ ջոկատի գեներալ Մուրադովին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Շատ են աջակցել ամեն հարցում, դիմել ենք, օգնել են: Անձամբ եղբորս հետ կապի մեջ են եղել, ինչ-որ կարողացել են տվյալ մեզ տրամադրել իրանց սահմաններում, տրամադրել են, օգնել են, շատ շնորհակալ ենք, գոհ ենք: Հիմա, փառք Աստծու, եկել են էսքանը, մեկ հոգին էլ, որ գա, էլի բան է բոլորիս համար», - ասաց Սուրենը:

Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է հայրենադարձվել 103 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Թե դեռ քանի գերի կա Ադրբեջանում, ստույգ թիվ հայտնի չէ։

XS
SM
MD
LG